Վահան Քերոբյանն անհրաժեշտ է համարում Հայաստանում հյուրանոցների քանակը ավելացնելը
2022 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստանի հյուրանոցները ամբողջությամբ զբաղված են եղել, հյուրանոցների քանակը պետք է ավելացնել։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Այլ երկրների զբոսաշրջային ընկերությունները մեզ փոխանցել են, որ մերժել են Հայաստան այցելել ցանկացող բազմաթիվ զբոսաշրջիկների, որովհետև չեն կարողացել լուծել նրանց տեղավորելու հարցերը։ Դա առաջին հերթին վերաբերվում է Երևան և Գյումրի քաղաքներին։ Այդ երկու քաղաքներում ունենք հյուրանոցային համարների խիստ դեֆիցիտ պիկ ամիսներին»,- ասաց Քերոբյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում զբոսաշրջային խնդիրներից մեկը կայանում է նրանում, որ ամառային ամիսներին հյուրանոցները գերծանրաբեռնված են լինում, իսկ ձմեռային ամիսներին՝ հակառակը։
«Այսինքն` խնդիրը պետք է բաժանել երկու մասի։ Ակնհայտ է, որ հյուրանոցների թիվը պետք է մեծացնել։ Դիտարկում ենք տարբեր հնարավորություններ, թե ինչպես պետք է անել դա»,- եզրափակեց Քերոբյանը։