Հայաստանի մարմնամարզության հավաքականի 4 անդամներն աշխարհի առաջնության եզրափակիչում են
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները հաջող են մեկնարկել աշխարհի առաջնությունում:
Անգլիական Լիվերպուլ քաղաքում մեկնարկած սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության առանձին վարժություններում Հայաստանի 4 ներկայացուցիչներն անցել են եզրափակիչ: Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի գործող չեմպիոն և աշխարհի գավաթակիր Արթուր Դավթյանը հենացատկի վարժությունում 14.900 միավորով որակավորման փուլը հաղթահարել է առաջին տեղով:
Նժույգ-թափերի վարժությունում Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը 14.700 միավորով գրավել է 5-րդ տեղը, որն իրավունք է տալիս մասնակցելու եզրափակիչին:
Օղակների վարժության եզրափակիչում Հայաստանը կունենա երկու մասնակից` Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը: Վերջիններս հաջորդաբար հավաքել են 14.566 և 14.466 միավոր և դուրս եկել եզրափակիչ:
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Գագիկ Խաչիկյանը, բազմամարտում հավաքելով 74.631 միավոր, միայն 65-րդն էր:
Առանձին վարժությունների եզրափակիչները կկայանան նոյեմբերի 5-6-ին: