Մեր միակ նպատակն է օգնել երկրներին հասնելու կայուն ու համապարփակ խաղաղության, որը շատ են ցանկանում Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները. Պետդեպ

Պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցում մեկնաբանել է հոկտեմբերի 27-ին «Վալդայ» ակումբում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն առ այն, որ գոյություն ունի Արցախյան հիմնախնդրի կարգավորման այսպես կոչված «վաշինգտոնյան» տարբերակ:

«Այսպես կոչված վաշինգտոնյան տարբերակը, որքան հասկանում եմ, նախատեսում է Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում ամբողջ Ղարաբաղի նկատմամբ։ Եթե Հայաստանն այդպես է կարծում, ապա մենք կաջակցենք հայ ժողովրդի ցանկացած ընտրությանը։ Եթե հայ ժողովուրդը և Հայաստանի ղեկավարությունը կարծում են, որ Ղարաբաղն ունի իր առանձնահատկությունները, որոնք պետք է հաշվի առնվեն ապագա խաղաղության պայմանագրում, դա նույնպես հնարավոր է։ Բայց, իհարկե, պետք է պայմանավորվել Ադրբեջանի հետ։ Անհրաժեշտ է, որ այդ պայմանավորվածություններն ընդունելի լինեն նաև Ադրբեջանի համար։ Սա բարդ, ծանր հարց է։ Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է, դաշնակիցը, և մենք, իհարկե, նկատի ունենալով Ադրբեջանի շահերը, առաջնորդվելու ենք հենց Հայաստանի առաջարկով»,- ասել էր Պուտինը։

Ցանկանալով պարզություն մտցնել այս հարցում՝ Փրայսն ասել է. «Նախ՝ շարունակում է ստացվել ապատեղեկատվություն… այդ թվում՝ Մոսկվայից, երբ խոսքը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ մեր մտադրություններին: Միացյալ Նահանգները այս երկու երկրների գործընկերն է: Մենք տասնամյակների ընթացքում այս երկու երկրների գործընկերն ենք եղել:

Հարավային Կովկասի երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանության և անկախության համար ԱՄՆ-ից ավելի մեծ աջակից չկա: Այսպիսով, երբ մենք շփվում ենք Հայաստանի և Ադրբեջանի հետ, մենք դա անում ենք միայն մեկ նպատակի համար, այն է՝ վերջ դնել բռնությանը և այս երկրները դնել կայուն և համապարփակ խաղաղության ճանապարհին: Մենք խրախուսել և հստակ ասել ենք այս երկրներին՝ Հայաստանին և Ադրբեջանին, որ նրանք պետք է հանդիպեն այն ձևաչափով, որն առավել օգտակար է իրենց համար։ Մենք հավատում ենք ուղղակի երկխոսության օգտակարությանը խնդիրների լուծման և այդ կայուն խաղաղության հասնելու համար:

Ես չեմ պատրաստվում կոնկրետ մեկնաբանել Ռուսաստանի Դաշնության ջանքերը, բացառությամբ այն բանի, որ կասեմ, որ նորից այս երկու երկրներն են որոշում, թե ինչպիսի մոտեցում կցուցաբերեն այս առաջիկա բանակցություններին։ Կարծում եմ, աշխարհը գիտի Ռուսաստանի պատմության մասին, երբ խոսքը վերաբերում է իր հարևաններին և հարևանությանը: 2008 թվականին Ռուսաստանի ներխուժումը Վրաստան և նրա շարունակական դաժան ներխուժումը Ուկրաինա ցույց են տալիս, որ Մոսկվան քիչ է հարգում իր հարևանների ինքնիշխանությունը և դժվար թե նա հուսալի, երկարաժամկետ գործընկեր լինի: Մենք կարծում ենք, որ դա կտրուկ հակասում է Միացյալ Նահանգներին: Եվ կրկին, մեր միակ նպատակն է օգնել այս երկրներին հասնելու բռնությանը վերջ դնելու և կայուն ու համապարփակ խաղաղության, որը շատ են ցանկանում Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները»:

Տեսանյութեր

Լրահոս