ՔՊ որդեգրած տեսլականի համաձայն՝ առաջնահերթություն են դիտվում արցախահայության անվտանգությունն ու իրավունքները. Ռուբեն Ռուբինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համագումարում ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին, նշեց, որ 44-օրյա պատերազմը և դրա հետևանքներն ավելի սրեցին Հայաստանի անվտանգային խոցելիությունը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների չկարգավորված լինելը մշտական սպառնալիքի աղբյուր են Հայաստանի անվտանգության համար, այդ սպառնալիքները պետք է կառավարել ու վերցնել։

«Համոզված ենք, որ Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովման միջոցը համակեցության, այսինքն՝ միմյանց գոյության չբացառման բանաձևի մշակումն է տարածաշրջանի բոլոր երկրների, առաջին հերթին՝ մեր անմիջական հարևաննների՝ Թուրքիայի և Ադրբեջանի, Իրանի, Վրաստանի հետ։

Հայաստանը չպետք է սպառնալիքի աղբյուր դիտարկվի հարևանների համար, իսկ հարևանները չպետք է սպառնալիքի աղբյուր լինեն Հայաստանի համար, այս նպատակին հասնելը կուսակցության արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է։ Երկրի պաշտպանունակության բարձրացումը որևէ կերպ չի հակասում այս տեսլականին»,- նշեց Ռուբեն Ռուբինյանը։

Շարունակելով ելույթը՝ Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ ԼՂՀ հիմնահարցի վերաբերյալ ՔՊ-ն որդեգրել է հիմնախնդրի կարգավորման նոր տեսլական։

Կարդացեք նաև

«Ըստ այդ տեսլականի, եթե նախկինում առաջնահերթություն էր դիտարկվում ԼՂՀ կարգավիճակը, որը պիտի դառնա արցախահայության իրավունքների և անվտանգության երաշխիքը, այժմ առաջնահերթություն են դիտվում արցախահայության անվտանգությունն ու իրավունքները։ Դրանց երաշխիքների համակարգից է բխում անհրաժեշտ կարգավիճակը։ Այդ համակարգը պիտի երաշխավորի, որ ԼՂՀ հայերն ապրեն իրենց հայրենիքում, իրենց համարեն հայ, ղարաբաղցի, արցախցի։ Հարցի կարգավորման որևէ ծրագրի իրագործում անհնար է պատկերացնել առանց ԼՂ համապատասխան ներգրավվածության»,- շեշտեց Ռուբեն Ռուբինյանը։

Տեսանյութեր

Լրահոս