«Այսօրվա իշխանությունները բոլոր պայմանները ստեղծում են, որ մենք վախենանք». Արա Աբրահամյան

«Այսօր ասում են՝ Եվրոպա, Ամերիկա… ո՞վ ա ասում՝ իրենց հետ չաշխատենք: Երբևիցե չի եղել մի դեպք, որ ՌԴ-ն ասի՝ մենք դեմ ենք ՀՀ-ի բարեկամությանը Եվրոպայի, Ամերիկայի կամ Գոնդուրասի  հետ»,- այսօր ասուլիսի ժամանակ նշեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

Նա հավելեց՝ ՀՀ-ն փոքր պետություն է, ունի Սփյուռք և պարտավոր է բոլորի հետ աշխատի, սակայն շեշտեց՝  մենք չենք կարող երկու մարդ դառնալ:

«Մենք ունենք ռազմավարական պայմանագիր ՌԴ-ի հետ:  Այսօր ՌԴ-ում մոտ 3 մլն հայ է ապրում, նայեք՝ ինչքան գումար է գալիս:

Մենք ամեն մեկս  պետք է մեր տեղն իմանանք, իսկ հիմա այնպես է, որ փողոցը՝ կարող է իշխանություն լինի, իշխանությունը՝ փողոց, բոլորս իրար դեմ դուրս գանք… Այսօր հավատ չկա: Մենք չենք կարող՝ էսօր՝ ձեզ հետ, վաղը՝ մյուսի»,- մանրամասնեց Ռուսաստանի Հայերի միության նախագահը:

«Ես ուզում էի օգնել. 22 կուսակցությունների փորձում էի միացնել ու գնալ ընտրությունների»,- քաղաքական նպատակների մասին հարցադրումներին ի պատասխան՝ Արա Աբրահամյանը վերհիշեց անցյալ տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախորդած ժամանակահատվածը՝ նշելով, որ այդ փորձը չստացվեց:

«Այսօր Ադրբեջանն ասում է՝ սա կվերցնեմ, նա կվերցնեմ… անընդհատ հայհոյում է։ Ի՞նչ խաղաղության պայմանագիր. որ նայում ենք՝ ինչ է ասում Ադրբեջանը Թուրքիայի ղեկավարությանը: Ասում են՝ Երևանը մերն է, Սևանը մերն է. մեզ վախեցնում են: Այսօրվա իշխանությունները բոլոր պայմանները ստեղծում են, որ մենք վախենանք. իրենք երբևիցե չենք ասում՝ մենք հետ ենք վերադարձնելու Ղարաբաղը, մենք ունենք մեր ծրագրերը։ Մենք մի երիտասարդություն ենք դաստիարակում, որ մեր հանձնելն ենք օրինակ ծառայում»:

Արա Աբրահամյանը վստահեցրեց՝ խաղաղություն բոլորն են ուզում, սակայն հարց է, թե  ինչ գնով. «Թուրքիայի հետ սահմանը բացեք. ո՞վ է ասում՝ չբացենք, բայց ի՞նչ գնով, ի՞նչ է տալիս մեզ։ Եկեք քննարկենք։

Մի խումբ մարդիկ հավաքվել են, ու ես չեմ տեսել, որ իրենք իրենց կյանքում մի որևէ նման խնդիր են լուծել, կամ համապատասխան կրթություն ունեն, և այդ մարդիկ որոշում են՝ բացե՞նք, թե՞ չբացենք, մեզ էլ ասում են՝ դեմ ե՞ք»:

Ռուսաստանի հայերի միության նախագահը հավելեց, որ ունի ժամանակ, փող ու կմիանա հայ ժողովրդի ցանկացած նախաձեռնությանը, ապա շեշտեց՝ չունի որևէ այլ քաղաքական հավակնություն. իր հավակնությունն է, որ հայ  ժողովրդի վիճակը լավացնի:

Տեսանյութեր

Լրահոս