Բաժիններ՝

Լիբանանում խոլերայով վարակման դեպքերի թիվը հասել է 169-ի

Լիբանանցի բժիշկները խոլերայով վարակման 80 նոր դեպք են գրանցել երկրի տարածքում անցած երկու օրում. հիվանդացածների ընդհանուր թիվը հասել է 169-ի: Այդ մասին հայտարարել է Լիբանանի առողջապահության նախարար Ֆիրաս ալ Աբիյադը՝ հանդես գալով հոկտեմբերի 19-ին անցկացված մամուլի ասուլիսում:

«Խոլերայով վարակման 80 նոր դեպք է գրանցվել վերջին 48 ժամվա ընթացքում, ախտահարվածների ընդհանուր թիվը հասել է169-ի»,-ասել է նախարարը:

Խոլերայի բռնկումն սկսվելուց ի վեր Լիբանանում մահացել է վարակվածներից հինգը: Նրա խոսքով՝ հիվանդության տարածման տեմպերը բարձր են, ընդ որում՝ ախտահարման նոր դեպքերի շուրջ 70 տոկոսը բաժին է ընկնում Լիբանանում ապրող սիրիացի փախստականներին: Որպես մահվան դեպքերի հիմնական պատճառ նախարարը համարել է հիվանդացածների ուշացումով դիմելը բժիշկներին:

«Առողջապահության նախարարության տվյալներով, վարակման գլխավոր օջախը մնում է երկրի հյուսիսում գտնվող Աքարի նահանգը, որտեղ հոկտեմբերի սկզբին գրանցվել է գրեթե 30 տարվա ընթացքում խոլերայի առաջին դեպքը: «Ջրի աղբյուրների վարակումը մի շարք շրջաններում գլխավոր գործոնն է, որը հրահրում է խոլերայի տարածումը»,-նշել է գերատեսչության ղեկավարը:

Նաեւ ինֆեկցիան փոխանցվում է գյուղատնտեսական մթերքների վարակման ճանապարհով եւ հիվանդի հետ շփվելու միջոցով: Ավելի վաղ հոկտեմբերին Լիբանանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է գրեթե 30 տարվա ընթացքում խոլերայով հիվանդանալու առաջին դեպքի մասին: Անցած շաբաթ բժիշկները հայտարարել են հիվանդի մահվան առաջին դեպքի մասին:

Հարեւան Սիրիայում խոլերան մոլեգնում է արդեն մեկ ամսից ավելի: Սիրիայի Արաբական Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական տվյալներով՝ գրանցվել է ավելի քան 800 դեպք, մահացել է 40-ից ավելի մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս