«Որևէ մեկը որևէ միջազգային ատյանում հնարավորություն չպետք է ունենա ընդհատելու ՀՀ ներկայացուցչի ելույթը». Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ-ի միջադեպի մասին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ վերջերս ԵԽԽՎ-ում տեղի ունեցած միջադեպը պայմանավորված էր նրանով, որ նիստը վարում էր ի պաշտոնե Թուրքիայի պատվիրակության ղեկավարը։ Նաև պայմանավորված էր նրանով, որ ի սկզբանե՝ սկսած Հունաստանին առնչվող հարցով, Թուրքիայի պատվիրակության ղեկավարը փորձ էր կատարում իրեն պահել ոչ թե որպես ԵԽԽՎ տվյալ նստաշրջանի, տվյալ նիստի նախագահող, այլ՝ որպես պատվիրակության ղեկավար։
«Այս ամենը չէր կարող չհանգեցնել միջադեպերի։ Առաջին միջադեպը, որն արձանագրվեց, կապված էր Հունաստանի ներկայացուցչի ելույթի հետ, իսկ երկրորդ միջադեպը՝ պարոն Մամիջանյանի ելույթի հետ։ Բայց հստակ պետք է ասենք, որ մեր ամբողջ պատվիրակությունը գտնվել է դահլիճում, հստակ արձագանք է տվել։ Այդ արձագանքից հետո, եթե ուշադրություն եք դարձրել, նիստին մնացել էր ընդամենը 10 րոպե, բայց արագ վերադարձավ նիստերի դահլիճ ԵԽԽՎ նախագահը, որպեսզի նիստը վարի, որովհետև իրենք էլ հասկացան, որ իրավիճակը խիստ լարված է։ Կարծում եմ՝ ԵԽԽՎ և՛ քարտուղարը, և՛ նախագահությունը հասկացել են երևի նման միջադեպը և նման միջադեպերը կանխելու կարևորությունը, ես ևս նախատեսում եմ, երբ առաջիկայում լինի ընթացակարգային և ինստիտուցիոնալ հանձնաժողովի նիստ, որի անդամն եմ նաև ես, բարձրացնեմ նաև այդ հարցը։ Հակառակ դեպքում, մշտապես ցանկացած ելույթի ժամանակ կարելի է վարման կարգով խոսք ուզել և ասել, գիտեք ինչ՝ այս մարդու ելույթը չի վերաբերում ընթացակարգին»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Վլադիմիր Վարդանյանը։
Ըստ նրա, պարզ էր և՛ թուրքերի, և՛ ադրբեջանցիների դժգոհությունը, որոնք այս անգամ մնացել էին լիակատար մեկուսացման մեջ և այդ միջադեպով փորձում էին ընդգծել իրենց առկայությունը։
«Դուք գիտեք մեր պատվիրակության հստակ դիրքորոշումը՝ հայկական շահերը պաշտպանվելու են միջազգային հարթակներում՝ անկախ նրանից՝ զեկուցողը մեզ հաճելի՞, թե՞ ոչ այդքան հաճելի բաներ է ասում։ Որևէ մեկը որևէ միջազգային ատյանում հնարավորություն չպետք է ունենա ընդհատելու ՀՀ ներկայացուցչի ելույթը»,- հավելեց Վլադիմիր Վարդանյանը։
Երկրում, մասնավորապես, սեպտեմբերի 13-ից հետո ստեղծված իրավիճակի մասին էլ Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ ամեն ինչ անում են երկրի սահմանները, ինքնիշխանությունը պաշտպանելու համար, և որևէ մեկը չի կարող սեպ խրել դրա մեջ։
Ինչ վերաբերում է ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի ցավակցություններին՝ ուղղված Թուրքիային, Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ մարդն իրավունք ունի արտահայտվելու։
«Հարցրեք Արսեն Թորոսյանին, բայց մարդասիրությունը երբեք ավելորդ չի լինում, դա քրիստոնեական արժեքների մաս է կազմում։ Շատ դեպքեր են լինում, որոնց պետք է արձագանքել, ես էլ շատ բաների համար եմ ցավում, որոշ բաների համար արձագանքում եմ, որոշ բաների մասին նախընտրում եմ լռել»,- եզրափակեց Վլադիմիր Վարդանյան։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին ԵԽԽՎ դեբատների ընթացքում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ պատվիրակ Հայկ Մամիջանյանի ելույթի ընթացքում նիստին ներկա ադրբեջանցի ու թուրք պատվիրակները բողոքի ձայն բարձրացրեցին՝ պահանջելով ընդհատել ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակի ելույթը, ինչն ի վերջո չկատարվեց: