Մամիջանյանի ելույթը թեժացրեց ԵԽԽՎ մթնոլորտը. հայ պատվիրակները թուրք նախագահողին հորդորեցին պահպանել չեզոքություն և իր «տեղը» ցույց տվեցին
ԵԽԽՎ-ում այսօր դեբատների ընթացքում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ պատվիրակ Հայկ Մամիջանյանի ելույթը իրարանցում առաջացրեց նիստին ներկա ադրբեջանցի ու թուրք պատվիրակների շրջանում:
Նախ նշենք, որ Մամիջանյանն իր ելույթը սկսեց ադրբեջանական հարձակման վերաբերյալ ճշմարտությունը խոսելու կարևորության մասին՝ ընդգծելով, թե որքան հազվադեպ է դա պատահում այս օրերին:
ԵԽԽՎ հայ պատվիրակը նշեց նաև, որ քննարկումները չեն ներառել Արցախի հակամարտությանը վերաբերող խնդիրները: Ուստի Մամիջանյանն ընդգծեց, որ չեն խոսել մարդկանց մասին, ովքեր հավատում են, որ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում համաշխարհային ղեկավարների 5 հայտարարությունները Արցախի ինքնորոշման մասին նշանակություն ունեն մարդկանց համար, ովքեր խաղաղ ապրում են իրենց հայրենիքում և հույս ունեին, որ «ուժի չկիրառում» բառերը ազդեցություն ունեն:
«Նրանք դաժանորեն խաբվեցին: ՀՀ ներկայիս կառավարության հիմար դիվանագիտության պատճառով հայ-ադրբեջանական հարաբերությունների ու ԼՂ հակամարտության դիվերսիֆիկացման գաղափարը իրականություն է դառնում: Աշխարհը պատրաստվում է թողնել փոքր Արցախը Ադրբեջանի հետ միայնակ»,- ասաց Մամիջանյանը, ում այս արտահայտությունները հունից հանեցին ադրբեջանցի և թւորք պատվիրակներին:
Թուրք նախագահող Ահմեդ Յիլդիզը Մամիջանյանին ընդհատեց ու խոսքը փոխանցեց ադրբեջանցի պատվիրակներին, որոնք սկսեցին պնդել, թե չեն կարող քննարկվել հարցեր, որոնք օրակարգում չեն, առաջարկեցին անհապաղ ընդհատել ելույթը:
ԵԽԽՎ հայ մեկ այլ պատվիրակ Վլադիմիր Վարդանյանը միջամտեց և հորդորեց Ահմեդ Յիլդիզին գործել, որպես նախագահող: Վարդանյանը հստակեցրեց նաև, որ նախագահողը չի կարող ընդհատել ելույթները և եթե կա արձագանք՝ պետք է տալ խոսքի հնարավորություն ոչ թե ելույթի կեսից, այլ ելույթից հետո:
«Սա այս կազմակերպության արժեքներին դեմ է, սա մարդու իրավունքների ու խորհրդարանական ժողովրդավարության սկզբունքներին դեմ է»,- ընդգծեց նա:
Ռուբեն Ռուբինյանը ևս Յիդլդիզին հորդորեց չընդհատել իր գործընկերոջ ելույթը:
«Նա ոչ թե պետք է շարունակի իր ելույթը, այլ պետք է խոսի կրկին այնքան, որքան ցանկանում է: Շնորհակալություն: Եվ խնդրում եմ, ես հասկանում եմ, որ Դուք Թուրքիայից եք, բայց Դուք Թուրքիայից չեք այս համատեքստում, Դուք նախագահում եք այս նստաշրջանը, նախագահեք չեզոք կերպով»,- հստակեցրեց Ռուբինյանը:
Մամիջանյանն այս ընթացքում ևս պնդեց, որ իր ելույթն այսպես, թե այնպես ավարտելու է, ուստի դեբատներից հետո, ի վերջո, Հայկ Մամիջանյանը շարունակեց իր ելույթը՝ առանց ընդհատումներ:
Նախագահողը վերջում սկսեց արդարանալ, թե չի ընդհատել ելույթը, այլ վերցրել է ձայնի իրավունք:
Մանրամասները՝ տեսանյութում