Ադրբեջանի հոշոտմանը հանձնելով արցախցիներին՝ հանձնողները կկնքեն սեփական մահկանացուն. Ավետիք Չալաբյան

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը վստահեցնում է՝ Հայաստանի համար ռազմականացումը խիստ անհրաժեշտ է և անխուսափելի, քանզի շրջապատված ենք թշնամական օղակով, ուստի, եթե նախկինում կարող էինք մտածել, որ այդ օղակից մեզ կարող է պաշտպանել նաև մեր դաշնակից Ռուսաստանը, ապա հիմա այդպես մտածելու իրավունք պարզապես չունենք, որովհետև մեր դաշնակիցն ինքն է ներքաշված հյուծիչ պատերազմի մեջ, որում ներդրել է իր ռազմական ողջ կարողությունը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման կարծիք հայտնեց Չալաբյանը՝ անդրադառնալով Կառավարության հոկտեմբերի 13-ի ընդունած այն որոշմանը, որով եռամսյա վարժական հավաքները փոխարինվում են 25-օրյա հավաքներով՝ պարտադիր ՀՀ բոլոր զինապարտ քաղաքացիների համար։

«Ռազմականացումը, սակայն, միայն մարդկանցով անցքերը փակելը չէ, ուստի Կառավարության երեկվա որոշումը հապճեպ է և չմտածված։ Դրանով առաջարկում է երկրի ամբողջ արական բնակչությանը պարտադիր, իգականին՝ կամավոր, տանել 25-օրյա հավաքների, որից երկու շաբաթը՝ մարտական հերթապահության։

Հայաստանի պայմաններում մարտական հերթապահություն իրականացնելը շատ բարդ է, որովհետև դիրքերը բարձրլեռնային են՝ թշնամու պարբերական կրակի տակ, իսկ երբ թշնամին տեսնում է՝ կրակը չի օգնում, օդ է բարձրացնում ԱԹՍ-ներ։ Նման պայմաններում դիրքում կանգնած զինվորը պետք է լինի բարձր պրոֆեսիոնալ, որպեսզի կարողանա հակազդել թշնամուն, մինչդեռ սեպտեմբերի 12-ին սկսված ռազմական 2-օրյա գործողությունների արդյունքում պաշտոնական թվով 207 զոհ տալը փաստում է՝ թշնամին մեր վրա հարձակվել է լավ պատրաստված գրոհային ստորաբաժանումներով, մենք նրանց դեմ կանգնեցրել ենք 18 տարեկան երիտասարդ զինվորի»,- ասաց Չալաբյանը։

Կարդացեք նաև

Հարցին՝ որն է լավ պատրաստված թշնամու գրոհային ստորաբաժանման դեմ 18-19 տարեկան հայ զինվորի, իսկ Կառավարության երեկվա ընդունած որոշումից հետո շուտով նաև ընդամենը 7 օր ռազմական պատրաստություն անցած շարքային քաղաքացուն կանգնեցնելու իրական նպատակը, Չալաբյանը պատասխանեց.

«Եթե թշնամին ունի գրոհային ստորաբաժանում, դրա դեմ տրամաբանական լուծումը սեփական գրոհային ստորաբաժանում պատրաստելն է. այս իշխանությունը պատրաստում է այդպիսի գրոհայիներ՝ դրանք կարմիրբերետավորներն են, որոնք գրոհում են ոչ թե թշնամու, այլ հայ սևազգեստ մայրերի ուղղությամբ»։

Հասարակական-քաղաքական գործչի փոխանցմամբ՝ պետության ռազմականացմանը չմիտված և անվտանգային խնդիրներ չլուծող իր որոշումներով Կառավարությունն ընդամենը իր գործունեությունից դժգոհողներին ասում է հետևյալը.

«Ուզում եք հող պահեք, բոլորդ գնացե՛ք դիրքեր և պահե՛ք», առանց հասկանալու, որ ամեն մի քաղաքացի պատրաստ չէ դիրքերում արդյունավետ հայրենիք պաշտանել։

Ըստ Չալաբյանի՝ այս քաղաքականությունը բխում է նրանից, որ իշխանության համար կարևորը ոչ թե Արցախն է, կամ Հայաստանի սահմանների անվտանգությունը, այլ բացառապես սեփական իշխանության պահպանումը, որը չի կարողանա այլևս պահել, եթե Ադրբեջանին հանձնի Արցախը։

«Ադրբեջանի հոշոտմանը հանձնելով արցախցիներին՝ հանձնողները կկնքեն սեփական մահկանացուն,-ասաց Չալաբյանը՝ շարունակելով,- Մեզ պետք է այնպիսի իշխանություն, այնպիսի գերագույն գլխավոր հրամանատար, որն իսկապես կռվում է թշնամու դեմ, ոչ թե լարախաղացությամբ է զբաղվում և ժամանակ ձգում՝ խոստանալով խաղաղության պայմանագիր, մինչդեռ, այն պայմանագիրը, որն անվանում է խաղաղության, իրականում կապիտուլյացիայի պայմանագիր է, որով այս իշխանությունն Արցախի մեր հայրենակիցներին հանձնում է թշնամու ողորմածությանը, որովհետև Արցախի ինքնորոշման իրավունքից հրաժարումը նշանակում է, որ տեղի է ունենալու տեղահանություն և ջարդ»։

Հերթական անգամ հայի ջարդին ականատես չլինելու համար հասարակական-քաղաքական գործիչն անհրաժեշտ է համարում սեփական պետության պաշտպանության անկեղծ մղումը, ինչի առկայության դեպքում նաև աշխարհը Հայաստանին կզինի այնպես, ինչպես զինում է Ուկրաինային, ինչը Փաշինյանի իշխանավարման ժամանակ պետք չէ սպասել։

«Քանի Փաշինյանն է, մեզ չեն զինելու, ինքը կռվող չի, ինքը զենքը թշնամուն հանձնող է, ինչպես հանձնել է Ֆիզուլիի տանկային զորամասը՝ ամբողջական կազմով»,- խոսքը եզրափակեց Ավետիք Չալաբյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս