Լևոն Տեր-Պետրոսյանն ազգային մասշտաբի հանցագործ է. Իգոր Մուրադյան (տեսանյութ)
«Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ, վերլուծաբան Իգոր Մուրադյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով նախընտրական քարոզարշավի մասին՝ կարծիք հայտնեց, թե այս նախագահական ընտրություններում ով էլ զբաղեցնի երկրորդ տեղը, նա ավելի շատ ձայն կհավաքի, քան կարող էր հավաքել ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:
168.am-ը Իգոր Մուրադյանից հետաքրքրվեց` եթե հաշվի առնենք, որ նույն Լևոն Տեր-Պետրոսյանը, ով 2008թ. կարողացավ լուրջ համախմբման հասնել, սակայն միևնույն է չհաղթեց ընտրություններում, իսկ այսօր, ըստ նրա, այս իշխանությանը առանց վարչական, ֆինանսական և այլ հզոր ռեսուրսների հնարավոր չէ հաղթել,այդ դեպքում` նախագահական ընտրություններում հաջողության հասնելու համար ի՞նչ նոր ռազմավարություն պետք է որդեգրեն ներկայիս ընդդիմադիր թեկնածուները, ովքեր նույնիսկ չեն կարողացել համախմբել ընդդիմությունն այնպես, ինչպես դա արեց Լևոն Տեր-Պետրոսյանը: Ի պատասխան՝ վերլուծաբանն ասաց, որ երկու ամսում նոր ռազմավարություն մշակելը շատ դժվար է, և նման բան կարող են անել միայն ամերիկացիները:
«Ընդհանրապես` համապետական ընտրությունները` նախագահական, խորհրդարանական, հանցագործություններ են հասարակության դեմ, որովհետև հասարակությունն ի վիճակի չէ հասկանալու, թե ինչ է անում: Եվ միայն մեզ մոտ չէ այդպես, ավելի զարգացած երկրներում ևս կան հսկայական խնդիրներ: Ընդհանրապես, ինչո՞ւ պետք է բոլորը քվեարկեն, թող 100 հազարը` քիչ, թե շատ կրթված մարդիկ, ունենան ձայնի իրավունք: Հայաստանում 1,5 միլիոն բնակչության մասնակցությունն ընտրություններին բացարձակ խաբեություն է և ինքնախաբեություն, այսինքն մարդիկ ունակ չեն ընտրելու նույնիսկ գյուղապետի, իսկ նրանց առաջարկում են ընտրել ազգի առաջնորդին…Բայց ոչ ոք երբեք չի հրաժարվի այս ընտրություններից, աշխարհի վզին փաթաթված են այս ստանդարտները, փաթաթված են նրանց կողմից, ովվեր ուզում են իշխել. եթե համաշխարհային օլիգարխիան ուզում է իշխել ամբողջ աշխարհում, նա պետք է թույլ տա միլիարդավոր մարդկանց քվեարկելու, որովհետև միլիարդներին կառավարելը շատ հեշտ է, իսկ էլիտաներին կառավարելը` շատ դժվար»:
Իսկ մեր հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Լևոն Տեր-Պետրոսյանի` ընտրություններում չառաջադրվելու որոշումը, Իգոր Մուրադյանը պատասխանեց. «Ես շատ վատ փորձագետ եմ Տեր-Պետրոսյանի գծով: Ես գտնում եմ, որ նա ազգային մասշտաբի հանցագործ է, և վաղուց պետք է ընդունված լիներ օրենք, որը նրան կարգելեր զբաղվել քաղաքական գործունեությամբ: Սակայն, ցավոք սրտի, Սահմանադրությունը թույլ չի տալիս դա անել»:
Մանրամասները` 168.am-ի տեսանյութում