Իրանը, Ռուսաստանը եւ Չինաստանը կանցկացնեն ռազմածովային ուժերի համատեղ զինավարժանքներ
Իրանը, Ռուսաստանը եւ Չինաստանը պլանավորում են ռազմածովային ուժերի համատեղ զինավարժանքներ անցկացնել այս աշնանը: Այդ մասին սեպտեմբերի 22-ին հայտարարել է Իրանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին Իրանի զինված ուժերի զորահանդեսի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսում:
«Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի ռազմածովային ուժերի մասնակցությամբ զինավարժանքները տեղի կունենան այս տարվա աշնանը Հնդկական օվկիանոսի ջրատարածքի հյուսիսային մասում,- հայտնել է Բաղերին, որի խոսքը մեջբերում է «Մեհր» գործակալությունը:- Պակիստանը, Օմանը եւ մի շարք այլ երկրներ, հավանաբար, նույնպես կմասնակցեն այդ միջոցառումներին»:
Վերջին անգամ երեք երկրների զինված ուժերը համատեղ զինավարժանքներում հանդիպել են «Արեւելք-2022» -ի շրջանակներում, որոնք ՌԴ-ն անցկացրել է սեպտեմբերի 1-ից մինչեւ 7-ը: Դրանց մասնակցել են զինծառայողներ Չինաստանից, Հնդկաստանից, Բելառուսից, Հայաստանից, Ղազախստանից, Մոնղոլիայից, Տաջիկստանից, Ադրբեջանից, Ալժիրից եւ այլ պետություններից:
Զինավարժանքների ակտիվ փուլին հետեւել են այլ երկրների թվում բարձր մակարդակի պատվիրակություններ Հայաստանից, Բանգլադեշից, Բելառուսից, Վենեսուելայից, Իրանից, Ղրղզստանից, Մոնղոլիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից եւ Պակիստանից: Զինավարժանքների շրջանակներում մշակվել են պաշտպանական եւ հարձակողական գործողություններ Արեւելյան ռազմական օկրուգի զորավարժարաններում, ինչպես նաեւ Օխոտի եւ Ճապոնական ծովերի ջրատարածքներում ու ափամերձ գոտիներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: