Ինչի՞ մասին էր զգուշացնում Սերժ Սարգսյանը 2021թ․ հունիսին․ ինչպես է Ադրբեջանի ԶՈւ-ն հայտնվել Ջերմուկի մատույցներից 4.5 կմ հեռավորության վրա

Օրեր առաջ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը Ջերմուկ քաղաքում հայտարարել էր, որ ադրբեջանական զինուժն իր հարձակողական գործողությունների արդյունքում այս ուղղությամբ ունեցել է որոշակի հաջողություններ։

«Հակառակորդը մխրճվել է ՀՀ ինքնիշխան տարածք՝ 8.5 կմ լայնությամբ ճակատով և մինչև 7.5 կմ խորությամբ: Այդ մխրճումներն իրականացվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից՝ խմբերով, ջոկատներով, և որոշակի խմբեր, ջոկատներ նաև գտնվում են մեր ստորաբաժանումների անմիջական հսկողության տակ, նաև՝ շրջափակումների մեջ: Ներկա դրությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն Ջերմուկի մատույցներից 4.5 կմ հեռավորության վրա է»,- հայտնել էր ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը՝ հավելելով, որ Ջերմուկ քաղաքից մինչև սահման՝ նախքան ռազմական գործողությունների սկսվելը, հակառակորդի հեռավորությունը եղել է 11-12 կմ:

Ի դեպ, 2021-ի հունիսին Ջերմուկում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը խայտառակություն էր որակել վերը նշված հեռավորությունը:

«Ես նոր, որպեսզի իմ տեղեկությունը ճշտեմ, հարցնում եմ, ասում եմ՝ ադրբեջանցիները Ջերմուկից քանի՞ կիլոմետր հեռավորության վրա են. 10 կմ հեռավորության վրա: Բա դա խայտառակություն չէ՞, ե՞րբ է եղել այդպիսի բան. 10 անգամ ավելի հեռու էին: Ամոթ չէ՞ մեզ համար, սա՞ էինք ուզում: Իսկ ո՞վ է ասել, որ այդ 10 կիլոմետրը չի դառնալու 2 կիլոմետր»,- զգուշացրել էր Սերժ Սարգսյանը:

Ի դեպ, նույն ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախաձեռնությամբ այցելել էինք Ջերմուկի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր՝ մոտ 2700 մետր բարձրության վրա:

168.am-ը արձանագրել էր՝ «սարերի վրա» տեղակայված դիրքեր տանող ճանապարհը հեշտ չէ: Եվ սա՝ այն դեպքում, երբ եղանակը տաք էր, և արդեն իսկ սկսվել էին ճանապարհի հարթեցման աշխատանքները:

Այդ ժամանակ Ջերմուկի զորամասի հրամանատար, գնդապետ Գեղամ Մարտիրոսյանը վստահեցրել էր, որ իրենց վստահված պաշտպանական հատվածում 80 տոկոսով գերիշխող և նպաստավոր դիրքում է հայկական կողմը:

«Մարտ վարելու համար հրաշալի պայմաններ կան»,- ընդգծել էր նա:

2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրից մեկ ամիս հետո՝ դեկտեմբերին, սոցցանցերում և մեդիահարթակներում տեղեկություններ և տեսանյութեր շրջանառվեցին Ջերմուկի սարերում ադրբեջանական զորամիավորումների կուտակումների և այդ հատվածում զորամասի կառուցման մասին:

Ավելի ուշ, լրատվամիջոցների հետ զրույցում Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը հերքել էր Ջերմուկի մոտակայքում ադրբեջանական զորամաս կառուցելու մասին տեղեկատվությունը:

«Ջերմուկի մոտակայքում ադրբեջանական զորքի կուտակումներ չկան, և որևէ արտառոց բան չի եղել, տեսանյութը նկարվել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման աշխատանքների ժամանակ։ Ինչ-որ հատվածում պետք է ճշտեին սահմանը, գնացել ճշտել են հայկական կողմի հետ միասին»,- fip.am-ի հետ զրույցում ասել էր նա և հավելել, որ տեսանյութը նկարահանվել է ոչ թե Ջերմուկի մոտակայքում, այլ Մեծ Ալ լճի (Ալագյոլ) շրջակայքում։

«Ալագյոլ լիճն այն ժամանակ էլ իրենց տարածքում է եղել։ Լիճը քաղաքից շատ հեռու է, բայց հայ-ադրբեջանական սահմանը քաղաքից 12 կմ հեռու է»,- շեշտել էր նա:

«Մի պահ կար, տեղեկություն էին տարածում, թե թուրքերը հասել են «եղնիկի» մոտ, նման բան չի եղել, իրենք այստեղ մի մետր առաջ չեն եկել: Բոլոր կարևոր բարձունքներում մենք ենք նստել՝ անկախ նրանից, որ սահմանի եզրով ենք: Եթե նայեք ձեր աջ և ձախ կողմերը, սարերի վրա մենք ենք «նստած»: Այսինքն, բոլոր բարձունքները գտնվում են մեր վերահսկողության տակ: Հակառակորդը ցանկացել է, որ մենք առաջնագծից մի քիչ հետ նստենք, դա կոչվում է ապահովման գոտի, առաջարկել են այդտեղ նստենք, բայց մենք նստել ենք առաջնագծում: Մենք սահմանագծով կանգնած ենք, մի մետր հեռու չենք»,- արդեն 2021-ի ամռանը 168.am-ի հետ զրույցում մանրամասնել էր գումարտակի հրամանատար Մուշեղ Խալաթյանը:

Ամիսներ հետո՝ 2021-ի նոյեմբերի 16-ին, Ադրբեջանը հարձակում գործեց Ջերմուկի ուղղությամբ, որի հետևանքով ունեցանք տարածքային և մարդկային կորուստներ: Միաժամանակ մեղադրանք առաջադրվեց գումարտակի հրամանատարի պաշտոնակատարին:

«2021-ի նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանությանը հանձնված Ջերմուկի տեղամասում հակառակորդն անակնկալ հարձակվել էր ՀՀ ԶՈՒ դիրքի անձնակազմի վրա, սակայն վերջինս հարձակումը ժամանակին հայտնաբերելուն կամ դրան դիմակայելուն ուղղված համապատասխան միջոցներ չի ձեռնարկել, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Նախաքննությամբ պարզվել է, որ կալանավորված գումարտակի հրամանատարը ստանձնած է եղել գումարտակի պահպանությանը վստահված թվով 10 մարտական դիրքեր ընդգրկող պահպանության շրջանի պատասխանատուի պարտականությունները:

Բանակային կորպուսի հրամանատարի 2021թ. նոյեմբերի 16-ի մարտական կարգադրության և զորամասի հրամանատարի հրամանի համաձայն՝ զորամասը պահպանությունից անցել է պաշտպանության, ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության «Լրիվ» աստիճանի, կառավարման մարմիններն անցել են «Մարտական» աշխատանքային ռեժիմի, որի պայմաններում զորամասը՝ ենթակա ստորաբաժանումներով, պատրաստվել է մարտական գործողությունների։

Գ. Գ.-ն, պատասխանատու լինելով գումարտակի մարտական պատրաստության և նրա կողմից մարտական առաջադրանքների հաջող կատարման համար, չի ապահովել մարտական հերթապահությունում ընդգրկված ուժերի կողմից առաջադրված մարտական խնդիրների՝ մասնավորապես, հակառակորդի մոտեցող ուժերին զենքի կիրառմամբ դիմադրություն ցույց տալու արդյունավետ կատարումը, Գ․Գ.-ն ևս 7 զինծառայողի հետ դիմել է փախուստի, հենակետում գտնվող 11 զինծառայող գերեվարվել է, ՀՀ ԶՈՒ զինծառայողներից 2-ի սպանված դիերը նոյեմբերի 17-ին և 19-ին փոխանցվել են հայկական կողմին, իսկ մարտական դիրքն անցել է հակառակորդի վերահսկողության տակ»,- նշված էր դատախազության հաղորդագրության մեջ:

Հավելենք, որ 2021-ի նոյեմբերի 15-ին Նիկոլ Փաշինյանը որոշել էր, որ Արշակ Կարապետյանը պետք է ազատվի ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից և նրան փոխարինի իր վստահելի թիմակից Սուրեն Պապիկյանը:

168.amանդրադարձել էր Արշակ Կարապետյան-Նիկոլ Փաշինյան տարաձայնությունների հնարավոր պատճառին:

Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի՝ Արշակ Կարապետյանից ազատվելու որոշման պատճառը դիրքեր տալ-չտալու շուրջ եղած տարաձայնություններն են եղել:

Ի դեպ, այդ օրերին սոցցանցերում մի խումբ օգտատերեր սկսել էին Սուրեն Պապիկյանին գովերգել, թե իբր վերջապես կրակելու հրաման է տվել, այն դեպքում, երբ դրա մասին բացեիբաց խոսել էր Արշակ Կարապետյանը:

Ավելին, ադրբեջանական տելեգրամյան ալիքները և կայքերը գրեցին, թե Սև լճի տարածքում հայկական կողմը, ադրբեջանական դիրքի հարևանությամբ, նոր դիրք է տեղակայել:

«Արշակ Կարապետյանը «դոստուպ» է ստացել Սև լճի մոտ հասնելու՝ այն բանից հետո, երբ հայկական կողմը նոր դիրքեր է դրել այդտեղ»,- գրել էին ադրբեջանական օգտատերերը:

Նոյեմբերի 7-ին պաշտպանության արդեն նախկին նախարարն այցելել էր նաև Սյունիքի մարզ, մասնավորապես` Սև լճի տարածք:

Կարապետյանը շրջել էր լճի ափամերձ հատվածով, հանդիպել դիրքապահ զինծառայողներին, շնորհակալություն հայտնել իրականացվող շուրջօրյա մարտական հերթապահության համար։

Նշենք, որ 2021-ի նոյեմբերին թշնամին թիրախավորել էր նաև Գեղարքունիքի մարզի սահմանային ուղղությունը:

Ինչ վերաբերում է Ջերմուկի հատվածին, ապա, ըստ էության, վերջին օրերի տարածքային կորուստները նաև անցած տարվա այս ուղղությամբ դիրքային կորուստների արդյունքում են, իսկ սրա համար պատասխանատուն երկրի քաղաքական ղեկավարությունն է, որովհետև բանակը իր սուղ միջոցներով կռվում է՝ որքան հնարավոր է:

Տեսանյութեր

Լրահոս