Ադամ Շիֆը Ադրբեջանի չհրահրված հարձակումը դատապարտող բանաձև է ներկայացրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում
Կոնգրեսական Ադամ Շիֆը ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի ղեկավարության հետ միասին շրջանառության մեջ է դրել երկկուսակցական օրինագիծ, որը դատապարտում է Հայաստանի և Արցախի հանրապետությունների վրա Ադրբեջանի չհրահրված հարձակումները:
Այդ մասին հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը՝ նշելով, որ Ներկայացուցիչների պալատում ներկայացված բանաձևը «անհապաղ և անվերապահ հրադադարի» և «Ադրբեջանին հատկացվող բոլոր տեսակի օգնությունները անհապաղ դադարեցնելու» կոչ է անում:
«Մենք ծափահարում ենք նախագահող Շիֆին և հանձնախմբի ղեկավարությանը Ադրբեջանին բոլոր օգնությունները դադարեցնելու կոչ անող այս պատեհաժամ բանաձևը ներկայացնելու համար», – ասել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
Ներկայացուցիչների պալատի անդամներ Ադամ Շիֆը, Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփիերը և Դեյվիդ Վալադաոն իրենց հայտարարության մեջ ասել են. «Մենք խստորեն դատապարտում ենք ադրբեջանական զինված ուժերի մահաբեր հարձակումները ինքնիշխան Հայաստանի տարածքում: Ադրբեջանական բռնության այս աղաղակող էսկալացիան ցույց է տալիս, թե որքան սանձարձակ է դառնում Ալիևի ռեժիմը, երբ նրա չհրահրված ագրեսիան հանդիպում է միջազգային հանրության խուլ լռությանն ու անտարբերությանը՝ խրախուսելով Ադրբեջանին շարունակելու և ընդլայնելու իր հարձակումները: Մենք կոչ ենք անում Բայդենի վարչակազմին և Պետդեպարտամենտին միանշանակ դատապարտել Ադրբեջանի գործողությունները և անհապաղ դադարեցնել բոլոր տեսակի օգնությունը Ալիևի ռեժիմին: Եվ մենք ամուր կանգնած ենք Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին՝ աջակցելով նրանց տարածքային ամբողջականությանը և խաղաղության ու ազատության նրանց իրավունքին»:
Բանաձևն ընդգծում է «Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի չհրահրված հարձակումը» 2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ ինտենսիվ հրետակոծություններով և անօդաչու սարքերով հարվածներ հասցնելով Հայաստանի Հանրապետության Վարդենիս, Ջերմուկ, Գորիս և Տաթև բնակավայրերին, ինչպես նաև՝ Արցախի Կարմիր, Շուկա և Թաղավարդ գյուղերին: Նշվում է, որ տվյալ պահի դրությամբ ադրբեջանական հարձակումները հանգեցրել է առնվազն 105 հայ զինվորի և խաղաղ բնակիչների մահվան, ինչպես նաև բազմաթիվ վիրավորների: