«Պուտինը «Նիկոլ»–ով է դիմում՝ ցույց տալով, որ հարգանք և վստահություն չունի այս մարդու նկատմամբ». Սերգեյ Մելքոնյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը, ում համար սխալ էին Արցախյան առաջին ազատամարտն ու մեր հաղթանակը, հերթական հարցազրույցն է տվել ու այս անգամ էլ ասել, թե Արցախի ճանաչման շանս չկար ու չի էլ եղել, ուստի պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել։
«Հայկական նախագծի» անդամ Սերգեյ Մելքոնյանը, սակայն, ի տարբերություն Արցախյան ազատամարտն ու մեր հաղթանակն Ալիևի պես սխալ որակող Արսեն Թորոսյանի՝ պնդում է՝ Արցախի ճանաչման շանս կար՝ ինչպես նախկինում, այնպես էլ՝ հիմա։
«Արսեն Թորոսյանը նման ձևակերպմամբ ընդամենը ֆիքսում է իրենց նպատակի իրականացումը՝ Արցախի խնդիրը լուծված է հօգուտ Ադրբեջանի։
Այո՛, իրենց համար արցախյան խնդիրը լուծված է, ինչի մասին ասում է նաև Ալիևը։
Այո՛, իրենց համար Արցախի խնդիրը խոչընդոտ է. նրանք՝ այս դե ֆակտո իշխանությունը, Արցախի պատճառով չէին կարողանում հարաբերություններ հաստատել Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ուստի հիմա հասել են իրենց նպատակին և Ալիևի պես հայտարարում են, թե Արցախի հարցը լուծված է։
Նրանք Ալիևի պես նույն բանն են ասում՝ պարզապես այս դե ֆակտո իշխանությունը դա անում է շատ սիրուն փաթեթավորմամբ, հետևապես, անկախ նրանից՝ ի՞նչ են ասում, միևնույն է՝ Արցախի ճանաչման շանս կար և հիմա էլ կա»,- ասաց Մելքոնյանը՝ հայաստանյան և ադրբեջանական իշխանությունների միջև Արցախի հարցն առհավետ փակելու և արագ խաղաղության պայմանագրի կնքման հասնելու ցանկությունների համընկնումը պայմանավորելով բացառապես մեկ հանգամանքով՝ Հայաստանում գործում է հայկական շահի հետ որևէ աղերս չունեցող իշխանություն, որը ոչ միայն կամք չունի պաշտպանելու Արցախի ինքնորոշման իրավունքը, այլ նաև Հայաստանից ադրբեջանցիների դուրսբերման ուղղությամբ որևէ քայլ չի ցանկանում անել։
Անդրադառնալով երեկ Վլադիվոստոկում կայացած ֆորումի ժամանակ 20 րոպեի ընթացքում 9 անգամ Վլադիմիր Պուտինին ի խորոց սրտի իր շնորհակալությունն ու խոնարհումը հայտնող Փաշինյանի ելույթին՝ Սերգեյ Մելքոնյանը նշեց, որ նման քծնանքի պատճառն Արցախի և Հայաստանի անվտանգության հարցը ռուսական կողմի վրա դնելու Փաշինյանի գործելաոճն է։
«Այդ եղանակով ևս այս դե ֆակտո իշխանությունը ցանկանում է Արևմուտքի միջոցով բալանսավորել ՌԴ-ի ազդեցությունը՝ շատ լավ իմանալով, որ Արևմուտքի գլխավոր օպերատորն այս տարածաշրջանում Թուրքիան է։ Իրեն այդպես պահելով՝ այս իշխանության ղեկավարն անվտանգային խնդիրները ցանկանում է թողնել Ռուսաստանի վրա, Արցախը՝ ևս, իսկ մնացած հարցերով՝ ճանապարհների ապաշրջափակում և այլն, փորձում է հարցերը կարգավորել Բրյուսելի հետ»,- ասաց Սերգեյ Մելքոնյանը։
Ի տարբերություն ՌԴ նախագահին ազգանունով դիմող Փաշինյանի՝ Վլադիմիր Պուտինի կողմից Նիկոլ Փաշինյանին ընդամենը անունով՝ «Նիկոլ»-ով դիմելը Սերգեյ Մելքոնյանը պայմանավորեց Պուտինի վստահության ու հարգանքի բացակայության ցուցիչով.
«Այդ հանդիպումները պատրաստվում են շատ երկար, այդ հանդիպումներից առաջ հսկայական փաթեթ է կազմվում ՌԴ նախագահականում, աշխատակազմն արդիական ինֆորմացիաներ է տալիս Պուտինին, հետևապես՝ Նիկոլ Փաշինյանին «Նիկոլ»-ով դիմելով՝ Պուտինը ցույց տվեց, որ նրան լուրջ չի վերաբերվում ու հարգանք չունի այդ մարդու նկատմամբ»,- ասաց Մելքոնյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում