«Ավտոշուկայում պետք է հնարավոր լինի մաքսազերծել մեքենան, գնելուց հետո հաշվառում իրականացնել, պետհամարանիշները ստանալ»․ ՏԿԵ նախարար

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն տվեց «Ավտոտրանսպորտային միջոցների շուկաներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» օրենքի նախագծին։

Զեկուցող Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց առաջարկվող փոփոխությունները, տեղեկացրեց նաև, որ  ուսումնասիրել և վերցրել են տարբեր երկրների փորձը․

«Բավական երկար ժամանակ գործընկերների հետ քննարկման արդյունքում սահմանել ենք որոշակի պահանջներ, որոնք վերաբերում են ավտոտրանսպորտի շուկային։ Մենք փորձում ենք նկարագրել, թե ինչպիսին պետք է լինի ավտոշուկան, որտեղ պետք է տեղի ունենա մեքենաների առուվաճառքի գործընթացը։ Վերցրել ենք տարբեր երկրների փորձը և փորձել ենք ունենալ քաղաքակիրթ շուկայի պատկեր, դրա համար սահմանել ենք տարրական չափորոշիչներ՝ սկսած շուկայի տարածքից, չափից, որը սահմանվել է 5 հեկտար։ Սահմանվել է, որ այնտեղ բազմաթիվ ծառայություններ պետք է լինեն՝ ֆինանսական, ոստիկանական, մաքսային, որպեսզի այդ շուկայում ոչ միայն գնել և վաճառել լինի, այլ նաև հնարավոր լինի մաքսազերծել մեքենան, հնարավոր լինի տեղում մեքենան գնելուց հետո հաշվառում իրականացնել, պետհամարանիշները ստանալ, և նման մի շարք չափորոշիչներ»։

Նախարարը հավելեց՝ նախագծով սահմանված է, որ  ավտոշուկայի տարածքում գործեն հատուկ ավտոկայանատեղիներ, սննդի կետեր՝ շուկա այցելող քաղաքացիների համար. «Շատ երկրների փորձին է նման, մասնավորապես՝ մեր հարևան Վրաստանի, որին, կարծում եմ՝ շատերս նաև ծանոթ ենք»։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս