Զրո վերահսկողություն. վարորդները հրաժարվում են ճնշափորձարկել գազաբալոնները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գազաբալոնային համակարգի լիցենզավորված կայաններում այլեւս հերթեր չեն գոյանում. մինչեւ օգոստոսի 1-ը կայանների առաջ հարյուրավոր մեքենաների հերթեր էին: Բանն այն է, որ շատ վարորդներ հրաժարվում են ճնշափորձարկել իրենց գազաբալոնները: «Ժողովուրդ» օրաթերթը գազաբալոնային համակարգի լիցենզավորված կայաններից տեղեկացավ, որ անգամ հերթագրված վարորդներն են արդեն հրաժարվում ճնշափորձարկել:

«Վարորդները պարզապես մոտենում են մեզ ու ասում են՝ մեզ հերթ տվե՛ք էլեկտրոնային համակարգում ու հնարավորինս ուշ, որ մենք կարողանանք լիցքավորել, բայց չենք ուզում ճնշափորձարկենք:

Ու այդպիսի վարորդները շատ են, անգամ ազդեցություն են ունենում ճնշափորձարկած վարորդների վրա, ասում են՝ գնացե՛ք, ձեր գումարները հե՛տ ուզեք. տեսեք, մենք փող ենք տվել, բայց լիցքավորում ենք: Ու արձանագրվել են դեպքեր, երբ գալիս են եւ իրենց գումարները հետ են ուզում»,- իրավիճակը ներկայացրեց կայաններից մեկի տնօրենը: Տեղեկացնենք, որ, կառավարության որոշմամբ, օգոստոսի մեկից սեղմված եւ հեղուկ գազով շահագործվող մեքենաները պետք է 2 տարին առնվազն մեկ անգամ գազի սարքավորումների ստուգում անցնեն եւ գազաբալոնային համակարգ տեղադրեն միայն լիցենզավորված կազմակերպություններում:

Տպավորություն է, թե գործադիրը մտահոգ է իր քաղաքացու անվտանգության խնդրով, բայց, արի ու տես, ոչ բոլոր գազալցակայաններում են վարորդներից պահանջում ցույց տալ գազաբալոնի՝ ճնշափորձարկված լինելու մասին փաստաթուղթը կամ հերթագրումը: Պարզ է մեկ բան. կառավարությունն ընդունել է մի օրենք, բայց չի մտածել դրա վերահսկման մեխանիզմների մասին, ինչպես եղավ դիմակների, QR կոդերի եւ այլ արգելքների մասով. զրո վերահսկողություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս