Բաժիններ՝

Օգոստոսին աշխարհում քովիդով հիվանդացածների թիվը 5 միլիոնով կրճատվել է

Օգոստոսին աշխարհում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն ավելացել է 25 միլիոնով, ինչը մոտավորապես 5 միլիոնով պակաս է հուլիսի ցուցանիշից: Քովիդով հիվանդացությունը մայիսից ի վեր առաջին անգամ կրճատվել է, հետեւում է ՏԱՍՍ-ի հաշվարկներից:

Վարակման ամենից շատ նոր դեպքերը բաժին են ընկել Ասիայի երկրներին, ըստ որում Եվրոպայում վարակի տարածման տեմպերը կտրուկ նվազել են: Մահացությունը, չնայած հիվանդացության նվազմանը, կտրուկ աճել է: Ամռան երրորդ ամսում մահացել է շուրջ 90 հազար մարդ, ինչը մոտավորապես 40 տոկոսով ավելի է, քան նախորդ նույն ժամանակամիջոցում, եւ համապատասխանում է մարտ ամսվա մակարդակին:

Վարակի տարածման ամենաբարձր տեմպերն արձանագրվել են Ճապոնիայում: Մեկ ամսում այնտեղ հայտնաբերվել է ավելի քան 6 միլիոն նոր դեպք: Օգոստոսի երկրորդ կեսին մեկ օրում արձանագրվել է ավելի քան 250 հազար ախտահարված, ինչը 2,5 անգամ բարձր է նախորդ ալիքի առավելագույնից եւ երկրի համար ամենաբարձր ցուցանիշն է ամբողջ համավարակի ընթացքում:

Հիվանդացությամբ երկրորդ տեղում է Հարավային Կորեան, որտեղ օգոստոսին արձանագրվել է ավելի քան 3,6 միլիոն քովիդով հիվանդ: Ամսվա կեսերին ցուցանիշները գերազանցել են 180 հազար նոր դեպքը, սակայն ամռան վերջին դրանք կիսով չափ նվազել են: Բացի դրանից, օգոստոսին լուրջ աճ է նկատվել Ռուսաստանում: Երկրում հիվանդացությունը բարձրացել է մինչեւ գարնան սկզբի մակարդակ: Իսկ օգոստոսի վերջին օրերին ՌԴ-ում սկսել են հայտնաբերել օրական շուրջ 50 հազար վարակված: Եվրոպայի երկրների մեծ մասում քովիդի տարածման առավելակետը բաժին է ընկել հուլիսին, այնուհետեւ վարակի տարածման տեմպերը կտրուկ նվազել են:

Այսպես, Ֆրանսիայում ամռան կեսերի համեմատությամբ հիվանդացությունը նվազել է 10 անգամ (օգոստոսի վերջին այնտեղ արձանագրել են շուրջ 18 հազար նոր հիվանդացած), Իտալիայում՝ հինգ անգամ (մինչեւ 20 հազար ախտահարված մեկ օրում): Գերմանիայում, որտեղ տակավին հայտնաբերում են 30 հազարից ավելի վարակված, ցուցանիշները նվազել են ընդամենը չորս անգամ: ԱՄՆ-ը տակավին զբաղեցնում է մահացությամբ առաջին տեղը: Օգոստոսին այնտեղ մահացել է շուջ 15 հազար մարդ, ինչը գրեթե 2 հազարով ավելի է, քան մեկ ամիս առաջ: Երկրորդ տեղում է Ճապոնիան, որտեղ արձանագրված է շուրջ 7,5 հազար մահվան դեպք՝ հնգապատիկ ավելի, քան հուլիսին: Երրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ մահացել է շուրջ 5 հազար մարդ (անցյալ ամսվա համեմատությամբ նվազումը՝ 30 տոկոս):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս