 
                        Մակրոնը ցանկանում է իրանական ատոմի ապագան քննարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ
 
                                    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր մշտական անդամների հետ քննարկել Իրանի միջուկային ծրագրի ապագան, որի զարգացման վատթարագույն սցենարը կլինի իսլամական հանրապետության դուրս գալը Միջուկային զենքի չտարածման պայմանագրից (ՄԶՉՊ):
Այդ մասին նա հայտարարել է Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
«Ուստի առաջիկա օրերին ես ցանկանում եմ գործադրել բոլոր դիվանագիտական ջանքերը և միջոցներ ձեռնարկել պայմանագրի պահպանման և այս գործում Անվտանգության խորհրդի բոլոր հինգ մշտական անդամների ներգրավման համար: Ես այսօր (հունիսի 26-ին) սկսեցի (ԱՄՆ) նախագահ Թրամփից և կշարունակեմ նրանցից յուրաքանչյուրի հետ», – Ֆրանսիայի ղեկավարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Մակրոնն ընդգծել է, որ Եվրոպայում չէին ցանկանա Իրանի միջուկային ծրագրի վերսկսումը, հանդես են գալիս նրա հրթիռային ծրագրի սահմանափակման և վերահսկման օգտին և կտրականապես դեմ են Թեհրանի կողմից ատոմային ռումբի ձեռքբերմանը: Այդ համատեքստում Մակրոնը հիշատակել է ամերիկյան հարվածներն Իրանի միջուկային օբյեկտներին Սպահանում, Նաթանզում և Ֆորդոյում, որոնք նա համարել է արդյունավետ։
Մակրոնը նշել է, որ Թրամփի հետ զրույցում իրեն հաջողվել է հասնել «դիրքորոշումների մերձեցման» իսլամական հանրապետության հարցում: «Ինձ համար վատթարագույն սցենարը կլինի Իրանի դուրս գալը Միջուկային զենքի չտարածման պայմանագրից այդ հարվածներից հետո, որոնք իսկապես արդյունավետ էին…. ուստի հատկապես կարևոր է համաշխարհային կարգավորողի դերն ի դեմս Ատոմային էներգիայի միջազգային գործակալության», – ասել է նախագահը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        