«Մենք մեր ազգային պետականության փշուրներն ենք ուզում պահել, կարծում եմ՝ յուրաքանչյուր հայի ցանկությունը սա պետք է լինի». Արցախի ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական

Օգոստոսի 26-ին Արցախի Հանրապետության ԱԺ-ից տեղեկացրել էին, որ Արցախի Հանրապետության օրվա առիթով Արցախի Ազգային ժողովի բոլոր հինգ խմբակցությունների նախաձեռնությամբ սեպտեմբերի 2-ին հանրային միջոցառումներ են կազմակերպվելու:

Այդ օրը` ժամը 17:30-ին, Ստեփանակերտի Ազատության հրապարակից (Կոլցևոյ) բոլոր քաղաքացիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում են քայլերթի, իսկ ժամը 19:00-ին կենտրոնական՝ Վերածննդի հրապարակում տեղի կունենա հանրահավաք՝ նվիրված Արցախի Հանրապետության հռչակմանը:

«Արցախի ժողովուրդը հավատարիմ է իր զավակների արյամբ հաստատված, հազարավոր նվիրյալների համառ աշխատանքով ու քրտինքով կերտված ինքնիշխան պետականությանը: Մասնակցելով երթ-հանրահավաքին, մենք միանում ենք ազատության համար շարունակվող պայքարին՝ աշխարհին ի ցույց դնելով մեր միասնականությունը և մեր իրավունքներին տեր կանգնելու կամքն ու վճռականությունը:

Անկախ Արցախը՝ հայկական Արցախ ունենալու հիմնական երաշխիքն է»,- նշված էր հաղորդագրության մեջ։

Կարդացեք նաև

168.am Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական, հասարակական-քաղաքական գործիչ Բելլա Լալայանից հետաքրքրվեց, թե Հայաստանի իշխանություններից որևէ մեկը ներկա կգտնվի՞ Արցախի անկախության օրվա միջոցառումներին և առհասարակ՝ ՀՀ իշխանություններին հրավեր ուղարկե՞լ են, թե՞ ոչ։

«ԱԺ նախագահը նախապես հրավիրել է,  և այդ մասին կարծեմ հրապարակվել է, որ հրավիրում է  բոլորին սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության օրը լինել Արցախում։ Բայց կա նաև այսպիսի բան, որ այդ ամենը հրավերով չպետք է լինի, յուրաքանչյուր մարդ պետք է ցանկություն ունենա այդ օրը լինելու Արցախում։

Ընդհանրապես այդպես միջոցառումների ցանկ չկա, կհավաքվենք Վերածննդի հրապարակում, այդպես է մտածված, և խորհրդանշական այդ օրը կնշենք»,- մեր հարցերին ի պատասխան՝ փոխանցեց Բելլա Լալայանը։

Հարցին՝ Հայաստանից արձագանք եղե՞լ է, ի՞նչ մակարդակով ներկայացվածություն կլինի Արցախում, մեր զրուցակիցը պատասխանեց՝ եղել են քաղաքական գործիչներ, որոնք ասել են՝ անպայման գալու են Արցախ, քանի որ դա համարում են իրենց պարտականությունը։

«Նրանք ասում են՝ պե՞տք է հրավիրեք՝ նոր գանք, նման արձագանք էլ է եղել»,- շեշտեց Բելլա Լալայանը։

Ճշտող հարցին՝ այդ կերպ արձագանքողները իշխանությա՞ն, թե՞ ընդդիմության ներկայացուցիչներից են եղել, Արցախի ԱԺ նախագահի գլխավոր խորհրդականը պատասխանեց, որ ընդդիմության ներկայացուցիչներից են ասել։

«Չեմ ուզում կոնկրետ նրանց անունները տալ, որովհետև ըստ երևույթին դա ընդհանուր դիրքորոշում է։

Այսքան տարիների ընթացքում մենք Հայաստանից իշխանություններին չենք հրավիրել, այդ ամենը կարծես թե բնականոն մի երևույթ է եղել, երբ Արցախի անկախության օրը Հայաստանի իշխանություններն այցելել են Արցախ։ Իրադրությունների փոփոխման մեր այսօրվա իրավիճակում, իհարկե, ճիշտը նաև հրավիրելն էր, որպեսզի հետո տարատեսակ մեկնաբանությունների առիթ չլիներ, թե իրենց չենք հրավիրել, իրենք էլ չեն եկել։ Այդ պատճառով էլ ԱԺ նախագահը, եթե չեմ սխալվում, դեռևս երկու շաբաթ առաջ նախապես հայտարարել էր, որ բոլորին հրավիրում է՝ բոլորին, թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական»,- ընդգծեց նա։

Հաջորդ հարցին՝ իրատեսակա՞ն է համարում, որ ՀՀ իշխանությունը բարձր մակարդակով ներկայացվածություն կունենա Արցախում, եթե ոչ Նիկոլ Փաշինյանի, ապա ԱԺ նախագահի մակարդակով, Բելլա Լալայանը պատասխանեց.

«Պետք է, որ այդպես լինի, ինչպես որ եղել է։ Մեր պետականության 30 տարիների ընթացքում այդպես եղել է, բայց ավելին ես չեմ կարող ասել։ Այսինքն՝ պետք է սպասենք, ցանկալի է, որ գան, բայց ես չեմ կարող հասկանալ՝ ներքին քաղաքական կյանքը Հայաստանում ինչպիսին է, և ինչ պատճառով կարող են չգալ, այսինքն՝ Ադրբեջանի հետ ինչ պայմանավորվածություն կա, Ադրբեջանն ասում է, որ բանավոր պայմանավորվածություն ունեն։ Ասում եմ՝ ցանկալի է, որ գան, կապ չունի քաղաքական ուղղվածությունը, դիրքը։ Մենք մեր ազգային պետականության փշուրներն ենք ուզում պահել, կարծում եմ՝ յուրաքանչյուր հայի ցանկությունը սա պետք է լինի, կամ յուրաքանչյուր հայ այդ ուղղությամբ պետք է գոնե աշխատի, որ վերջին փշուրները  պահենք։

Նաև՝ արդյո՞ք իրենց մոտ ցանկություն չի առաջանա նոր միջանցքով գան Արցախ, տեսնեն ինչ միջանցք է տրվել Արցախին, որպեսզի կարողանա կապ պահել արտաքին աշխարհի հետ, գոնե այդ նպատակով պետք է գան, նոր իրողությունները տեսնելու»,- եզրափակեց Բելլա Լալայանը։

Տեսանյութեր

Լրահոս