Մարիա Զախարովան ընդգծել է Ադրբեջանի և ԵԱՏՄ-ի համագործակցության մեծ ներուժը
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդգծել է Ադրբեջանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) համագործակցության բարձր ներուժը: Մամուլի ասուլիսի ժամանակ Զախարովան դրական է գնահատել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի մասնակցությունն օրերս Չոլպոն-Աթայում կայացած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին:
Մարիա Զախարովայի կարծիքով` Ադրբեջանի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսության զարգացումը զգալի ազդեցություն կունենար ողջ տարածաշրջանի համար և օգտակար կլիներ Բաքվի և Երեւանի միջև հարաբերությունների կարգավորման համար:
«ԵԱՏՄ-ի հետ Բաքվի համագործակցության ներուժը, մեր կարծիքով, շատ բարձր է: Մենք նման կոոպերացիայի մեծ հեռանկարներ ենք տեսնում: Կարծում ենք, որ դա օգտակար կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման համար», – հայտարարել է Զախարովան:
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովի հրավերով որպես հյուր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, որը տեղի է ունեցել օգոստոսի 25-26-ը Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում: