Արցախի ՄԻՊ-ը կոչ է արել կառավարությանը լիարժեքորեն ապահովել քաղաքացիների տեղեկացված լինելու իրավունքը
ԱՀ Սահմանադրության 51-րդ հոդվածն ամրագրում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու յուրաքանչյուրի իրավունքը: Այս մասին նշված է ԱՀ ՄԻՊ ֆեյսբուքի պաշտոնական էջում տարածված հայտարարության մեջ :
«Այս իրավունքն ապահովելու համար ավելի ցածր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերում նախատեսված է նաև պետական տարբեր մարմինների՝ «թույլատրելի» սահմաններում հրապարակային գործելու պարտականությունը: Արցախի Հանրապետության քաղաքացիները ունեն Արցախում և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին իրազեկված լինելու իրավունք և բարոյական անհրաժեշտություն:
Այդ իրավունքը վերաբերում է նաև այնպիսի իրադարձություններին, որոնք առաջիկա ծրագրեր են և ուղղակիորեն առնչվում են անձնական և հանրային կյանքի կազմակերպման որոշակի գործընթացների (ճանապարհների կառուցում և երթուղիների փոփոխություն, համացանցի ապահովում, էներգա և գազամատակարարում, կապի այլ միջոցների անցկացում և այլն):
Նմանատիպ հարցերում կառավարության անգործությունը կամ պասիվությունը հանրության շրջանում մեծացնում է անորոշության զգացողությունը, հավելյալ մտահոգության և անհանգստության պատճառ դառնում: Վերոնշյալ հետևանքներից խուսափելու համար Արցախի Հանրապետության կառավարությանը կոչ ենք անում լիարժեքորեն ապահովել տեղեկացված լինելու՝ ԱՀ քաղաքացիների իրավունքը և հանրային կյանքին առնչվող հարցերի շուրջ պարբերաբար, ժամանակին և պատշաճ կերպով հանդես գալ իրազեկող հայտարարություններով»,-ասված է ՄԻՊ-ի գրառման մեջ: