Խաղողի մթերման պայմանագրերի մեծ մասն արդեն կնքված է. Վահան Քերոբյան

Մինչ խաղողաքաղի մեկնարկը մթերման պայմանագրերի մեծ մասն արդեն կնքված է: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Մենք սերտ համագործակցում ենք խաղող մթերողների և աճեցնողների հետ և համագործակցության արդյունքում այս տարի ունենք անհամեմատ դրական վիճակ: Մթերման գործընթացից առաջ պայմանագրերի մեծ մասն արդեն կնքված է: Ավելի փոքր քանակի աճեցնողներ կան, որոնք դեռ պայմանագրեր չունեն, այժմ աշխատում ենք, որպեսզի մինչև մթերման սեզոնի սկսվելը նրանց նույնպես ապահովենք մթերման պայմանգրերով»,- ասաց նախարարը:

Քերոբյանն ընդգծեց՝ ամեն ինչ արվում է, որ երկու կողմերն էլ մթերման սեզոն մտնեն արդեն ամբողջությամբ կնքված պայմանագրերով, ինչն, իհարկե, շատ մեծ ապահովություն, վստահություն և փոխադարձ հավատ կստեղծի երկու կողմերի միջև:

«Կարծում եմ, եթե աշխատանքները այս ձևաչափով շարունակենք ևս մեկ-երկու տարի, ապա կկարողանանք ապահովել այն փոխվստահության մտնոլորտը, որը թույլ կտա, որ երկու կողմերը՝ մթերողները և աճեցնողները միասին գնան ավելի երկար և բազմամյա պայմանագրերի կնքմանը»,- ասաց նախարարը:

Նա հավելեց նաև, որ այս տարի բավականին լավ բերք է աճեցվել, վերջին տարիներին սկսել է ավելանալ գինեմետ սորտի խաղողի բերքը, որն, իհարկե, գինի դառնալու շատ ավելի մեծ պոտենցիալ ունի: Այն դրական ազդեցություն ունի գինեգործության համար, քանի որ իրենք սևեռված են նաև գինեգործության ոլորտը էապես զարգացնելու ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս