Գրառում՝ մահափորձից առաջ

Նախօրեին Մոսկվայի մատույցներում պայթեցվել է Ալեքսանդր Դուգինի դստեր մեքենան, ինչի հետևանքով երիտասարդ կինը մահացել է: Ամենայն հավանականությամբ, ռումբը նախատեսված էր եղել հենց Դուգինի համար, որը միայն վերջին պահին է փոխել մեքենան։

Ալեքսանդր Դուգինը պահպանողական ուղղվածության հայտնի փիլիսոփա է, որին արևմտյան մամուլում անվանում են «русский мир»-ի գլխավոր գաղափարախոս: Ժամանակակից Ռուսաստանի հիմնական գաղափարախոսներից մեկն է, որն ունի լուրջ ազդեցություն ռուսական էլիտայի վրա։ Ստորև ներկայացնում ենք Ալեքսանդր Դուգինի՝ վերջին ողբերգական դեպքից քիչ առաջ արված գրառման հայերեն տարբերակը:

«Ես կարծում եմ, որ ստատուս քվոյի ռեժիմը Ռուսաստանում 6 ամսից ավել չի կարող տևել: Կիևի ատլանտո-նացիստական ռեժիմի հուսահատ դիմադրությունը Ռուսասատանից պահանջում է ներքին արմատական փոփոխություններ՝ ենթակառուցվածքային, գաղափարախոսական, կադրային, ինստիտուցիոնալ, ստրատեգիական: Այն, ինչն ընդունելի էր առանց Հատուկ ռազմական գործողության, ընդունելի չէ Հատուկ ռազմական գործողության, առավել ևս՝ երկար և վերջը չերևացող  Հատուկ ռազմական գործողության պայմաններում: Ղրիմի վրա հարձակումները, Զապորոժյեում ատոմային պայթյուն կազմակերպելու փորձերը, Խերսոնի ուղղությամբ հակահարձակման անցնելու մասին դեկլարացիաները, Զելենսկու՝ բոլոր հնարավոր կոմպրոմիսներից հրաժարվելը, արևմուտքի՝ ՌԴ-ի հետ բոլոր կապերը կտրելու փորձերը վկայում են այն մասին, որ մյուս կողմում որոշել են կանգնել մինչև վերջ: Նրանց հասկանալ կարելի է. իրականում Ռուսաստանը ձեռնոց է նետել արևմուտքին՝ որպես քաղաքակրթության:

Այս ամենը նշանակում է, որ մենք էլ պետք է գնանք մինչև վերջ: Գերագույն գլխավոր հրամանատարն ասել էր. «Մենք դեռ ոչինչ նորմալ չենք էլ սկսել», հիմա պետք է սկսենք: Ուզենք, թե չուզենք, այլընտրանք չկա: Առաջին 6 ամսիներին մենք կարողացանք անցկացնել Հատուկ ռազմական գործողություն՝ Ռուսաստանի ներսում ոչինչ սկզբունքորեն չփոխելով: Դեռ փոփոխությունները կոսմետիկ բնույթ են կրում: Նույնիսկ անպիտան ընտրությունները որոշեցին անցկացնել ըստ գրաֆիկի: Կարծես ոչինչ տեղի չի ունենում: Իրականում տեղի է ունենում:

Մաքսիմալ կոմֆորտի ռեժիմն ինչ որ պահի անհրաժեշտ է լինելու փոխել: Ինձ թվում է, երկիրը նոր գծերի վրա դնելու գիտակցումը կգա աշնանը:

Ըստ իս՝ ևս կես տարի պետք կլինի «անշրջելիի անշրջելիությունը» հասկանալու համար:

Ես կարող եմ հասկանալ, որ իշխանությունը սովորել է իշխել այնպես, ինչպես 22 տարի փոքրիշատե հաջող իշխել է, բայց այդ փուլն անցյալում է: Հիմա հարցն այն չէ՝ կուզի՞ փոփոխություններ իշխանությունը, թե՞ չի ուզի, ի դեպ՝ հայրենասիրական-պահպանողական բնույթի փոփոխություններ: Նման փոփոխություններն ուղղակի անխուսափելի են: Նույնիսկ եթե կյանքի գնով դիմադրես այդ փոփոխություններին, առավելագույնը կարող ես կես տարով երկարեցնել ժամկետը, իսկ հետո, միևնույն է, դրանք տեղի կունենան: Հատուկ ռազմական գործողությունը հիմա ավելի կարևոր է, քան իշխանությունն իր սուբյեկտիվ չափման մեջ: Հատուկ ռազմական գործողության մեկնարկի հետ փոխվել է բուն պատմության ռեժիմը, հայտնվել է նոր օնթոլոգիական ուղղվածություն: Գործի են անցել պատմության հզորագույն ուժերը, տեկտոնական սալերը շարժվել են: Հին ռեժիմը թող հուղարկավորի իր դիակները: Գալիս են նոր ռուսական ժամանակներ: Անխուսափելիորեն»:

Պատրաստեց՝ Արամ Հովհաննիսյանը

Այլընտրանքային նախագծեր խումբ

Տեսանյութեր

Լրահոս