Կլինի նաև կորոնավիրուսի և՛ 7-րդ, և՛ 8-րդ ալիք, քանի որ մուտացվելու է և փորձելու է շրջանցել ստեղծված իմունիտետը. Համաճարակաբան

ՀՀ Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 8-14-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է 1713 նոր դեպք, գրանցվել է 6 մահվան դեպք:

Կատարվել է 6829 թեստավորում, կա 1704 առողջացած:

Նախարարությունից տեղեկացնում են, որ պատվաստումային գործընթացը ևս շարունակվում է: Օգոստոսի 14-ի դրությամբ կատարվել է 2 236 530 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 1 143 926, երկրորդ դեղաչափ` 1 020 470, բուստեր` 67 140:

Նշենք, որ ինչպես այլ երկրներում, այնպես էլ Հայաստանում մեծամասամբ շրջանառվում են Օմիկրոնի BA.4 և BA.5 ենթատարբերակները:

Կարդացեք նաև

«Հայաստանում կորոնավիրուսի 6-րդ ալիքն է: Դեպքերը շատացել են, քանի որ վիրուսը մուտացիայի է ենթարկվել: Սակայն, ընդհանուր առմամբ աշխարհը գնում է սահմանափակումների թուլացման: Օրինակ, ԱՄՆ-ում վերջերս Հիվանդությունների վերահսկման կանխարգելման կենտրոնները ուղեցույցները փոխեցին: Համաձայն նոր ուղեցույցների՝ անկախ նրանից՝ մարդը պատվաստված է, թե ոչ՝ կարանտինը 5 օր սահմանվեց: Սա այն է, ինչ ասվում էր 2020 թվականից: Հիվանդությունն իր բնական ընթացքին համաձայն՝ գալիս, դառնում է մնացած ռեսպիրատոր վարակների նման»,- 168.am-ի հետ զրույցում ասաց բժիշկ-համաճարակաբան Արման Բադալյանը:

Նա ընդգծեց՝ աշխարհում արդեն մոտ 7 միլիարդ մարդ առնվազն մեկ պատվաստում ստացել է, միլիոնավոր մարդիկ հիվանդացել են, հիբրիդային իմունիտետ են ձեռք բերել, ինչը նշանակում է, որ վիրուսն ինքնըստինքյան պատնեշների է հանդիպում:

«Հեշտ սկսեց տարածվել կորոնավիրուսը, բայց վնասակարությունը թուլացավ: Այնուամենայնիվ, եթե մարդը հիվանդացել է վաղուց, կամ պատվաստումից անցել է ահագին ժամանակ, խորհուրդ ենք տալիս պատվաստվել, որովհետև հիվանդանոցներում 80 տոկոսը չպատվաստված անձինք են: Խթանիչ դեղաչափով պատվաստվելով՝ իմունիտետը պատրաստ է լինում, որ եթե վիրուսին հանդիպի՝ հիվանդանոց տեղափոխվելու կարիք չառաջանա: Որովհետև, եթե իմունիտետը թույլ է լինում, հավանականությունը, որ կորոնավիրուսը բարդ է տանելու, մեծանում է»,- նշեց համաճարակաբանը՝ հույս հայտնելով, որ կգա մի պահ, երբ մարդիկ գոնե տարին մեկ անգամ կպատվաստվեն: Այնպես, ինչպես գրիպի դեպքում է:

Արման Բադալյանը կարևորեց նաև անձի ուշադիր լինելու և ռիսկը գնահատելու հանգամանքները:

«Եթե հիմա ես տրանսպորտ եմ մտնում՝ դիմակ եմ կրում, որովհետև կարող է ուրիշ վիրուս լինել. դա կուլտուրա է: Վերջիվերջո պետք է հասկանանք, որ այս ամենը բերում է այդ մշակույթի ձևավորմանը՝ պաշտպանվել ռեսպիրատոր վարակներից: Պետք է այդ մշակույթը ձևավորվի՝ հիվանդ ես, գործի չգնաս, գործատուն էլ պետք է հասկանա՝ հիվանդ է, ուրեմն տանը պետք է մնա, որ վարակը չտարածվի»,- ասաց նա:

Համաճարակաբանի խոսքով՝ կլինի նաև կորոնավիրուսի և՛ 7-րդ, և՛ 8-րդ ալիք, քանի որ մուտացվելու է և փորձելու է շրջանցել ստեղծված իմունիտետը: Այսպես է բոլոր ռեսպիրատոր վարակների դեպքում՝ լինի ադենովիրուս, գրիպ, թե այլ հիվանդություն:

Տեսանյութեր

Լրահոս