Բաժիններ՝

Լույս է տեսել Հուսիկ Արայի «Կորած սերունդ» գիրքը

Ժամանակակից հայ գրող Հուսիկ Արայի «Կորած սերունդ»-ը դրվել է ընթերցողի սեղանին։ Գիրքն ամփոփում է Հուսիկ Արայի՝ 1988-2021 թթ. գրված բանաստեղծություններն ու պոեմները՝ թեմատիկ ընտրությամբ, որն Ազգային զարթոնքի, Արցախյան ազատամարտի, վերակերտած խորհրդանիշների և մեր ոգու բանաստեղծական անդրադարձն է:

Ժողովածուն կազմվել է ՀՀ անկախության 30-ամյակի առիթով: Այն լույս է ընծայել «Անտարես»-ը։ Խմբագիրն է Արքմենիկ Նիկողոսյանը։ Գրքի ստեղծմանն աջակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Գիրքը նվիրված է ականավոր պատմաբան, հայագետ Արտակ Մովսիսյանի հիշատակին։

«Մեր պատանի տարիքում հանդիպեցինք և դարձանք երեք ընկեր՝ ես, դու, Կարենը։ Քայլում էինք Երևանի փողոցներում, իսկ առջևից մեր տեսլականն էր գնում՝ անկախ, հզոր, Հայաստանը։ Կարեն Ավետիսյանը զոհվեց 1990 թվականի մարտի 22-ին մեր ազատամարտում՝ մեր անկախության համար։ Դու ամրագրեցիր մեր ազատությունը՝ վստահեցնելով, որ հազարամյակների խորքից ենք գալիս և վաստակել ենք նոր հազարամյակներ գնալու իրավունքը։ Ես մեր նոր անկախության, վերակերտած պետականության մասին, որն Արցախյան ազատամարտով էինք նվաճել, գրեցի բանաստեղծություն։ Ճիշտ եմ համարում մեր անկախության և գոյապայքարի 30-ամյակի առիթով հրատարակվող այս գիրքը, քո թույլտվությամբ, ընծայագրել քեզ։ Ինչպես իմ առաջին և քո առաջին գրքերն էին ընծայագրված Կարենին։ Այս գրքում կրկին միասին ենք՝ ես, դու, Կարենը։ Քայլում ենք Երևանի փողոցներում, իսկ մեր առջևից գնում է մեր տեսլականը՝ ինքնիշխան, հզոր Հայաստանը»,-գրքում նշում է Հուսիկ Արան։

Բանաստեղծ Հուսիկ Արան աշխատել է «Գարուն» ամսագրում և «Գրական թերթ»-ում, Հայաստանի հանրային ռադիոյում վարել է «Գրական հանդիպում» հեղինակային հաղորդաշարը։ Բանաստեղծությունների առաջին գիրքը` «Մարդու որդիները», որ անկախության շարժումն ու Արցախյան ազատամարտն է ամփոփում, տպագրել է 1996 թ., երկրորդ գիրքը` «Լուսանցքի մարդիկ», որ ընկճված քաղաքն է պատերազմից հետո, տպագրել է 2003 թ., բանաստեղծությունների երրոդ գիրքը` «Սևագրություններ» վերնագրով, տպագրել է 2004 թ.-ին, որի համար 2005 թ.-ին արժանացել է Երիտասարդական խորհրդարանի «Տարվա լավագույն բանաստեղծ» մրցանակին: 2010 թ. տպագրել է էսսեների և ակնարկների գիրքը` «Անիծվածները», որի համար Հայաստանի գրողների միության կողմից արժանացել է Միքայել Նալբանդյանի անվան մրցանակի:

Իսկ 2011 թ. «Միայնակ շան լուսնահաչը» վիպակի համար արժանացել է «Հայը 21-րդ դարասկզբին» մրցանակի, որ տրվում է անտիպ գեղարվեստական արձակին: 2012 թ. հանդես է եկել երկու գրքով` «Աստծու հետ խոսելու ժամանակը» (բանաստեղծական ժողովածու), «Միայնակ շան լուսնահաչը» (արձակ):

2013 թ. հեղինակել է «Ազատության հրապարակ» բանաստեղծությունների ժողովածուն: 2008թ. արժանացել է Պարույր Սևակի, 2012թ.՝ ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան ամենամյա մրցանակների։

«Ազատության հրապարակ», «Տան դուռը», «Երևան քաղաք», «Եվ սերը ասաց» և այլ գրքերի հեղինակ է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս