Րաֆֆի Հովհաննիսյանը ցուցակ հրապարակեց

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հրավիրած ասուլիսում հրապարակեց ազգային վստահության խորհրդի ցուցակը, որը կազմել է ինքը: Հովհաննիսյանը կարծիքով՝  այս ցուցակը պետք է դառնա անցումային կառավարության հիմքը:

Արման Թաթոյան, Արկադի Կարապետյան, Վազգեն Մանուկյան, Ավետիք Չալաբյան, Պարույր Հայրիկյան, Ռուբեն Վարդանյան, Գևորգ Գևորգյան, Լիլիթ Գալստյան, Մհեր Գրիգորյան, Համբարձում Մաթևոսյան, Աննա Գրիգորյան, Արմեն Դարբինյան, Վահան Արծրունի, Գագիկ Գինոսյան, Բագրատ Սրբազան Գալստանյան՝ թվարկեց Րաֆֆի Հովհաննիսյանը և հավելեց՝ նմանատիպ այլ ցուցակներ ևս կան:

«Ես որևէ մեկին հարվածի տակ չեմ դնում. սա ուղղակի մեթոդաբանություն է։ Սա այս պահին՝ խցանը հանելուց հետո, հավասարակշռություն ստեղծելու, այս կարճ շրջանի համար բանակցություններն առաջ տանելու և կայունություն ստեղծելու առաջարկ է։  Այս ցուցակը, պարզ է, չի գործելու, կարող են լինել բացարկներ»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։

168.am-ը «Ժառանգություն» կուսակցության հիմնադրից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս  կարելի է հասկանալ այն, որ հրապարակված ցուցակում ընդգրկված են անուններ, որոնք այսօր ներկայացնում են իշխանությունը, որոնց Րաֆֆի Հովհաննիսյանը մեղադրում է ՀՀ ինքնիշխանությունը վտանգելու մեջ:

Կարդացեք նաև

Ի պատասխան՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց. «Սա արտակարգ մեթոդաբանություն է՝ լուծում տալու այսօրվա ահավոր վտանգավոր վիճակը: Համապարփակ մեթոդաբանություն է, որը կայուն անցումային լուծում է ենթադրում, և իմ խոսքերը քննադատական չէին՝ ուղղված այդ երկու անձնավորություններին» :

168.am-ը Րաֆֆի Հովհաննիսյանից փորձեց հստակեցնել՝ Մհեր Գրիգորյանից ու Համբարձում Մաթևոսյանից զատ՝ արդյո՞ք այս իշխանություններում կան նաև այլ բացառություններ, որոնց չեն վերաբերում նրա քննադատությունները:

«Ես նշել եմ այն հավաքական, համապարփակ լուծումը, որն իմ կարծիքով՝ անցումային լուծում կտա,- պատասխանը կրկնեց  նա, ապա վերաձևակերպելով հարցը՝ ինքը հարց ուղղեց,- Եթե հարցնում եք՝ արդյո՞ք կան իշխող կուսակցության, կառավարության մեջ պիտանի քաղաքական գործիչներ, քաղաքացիներ, ես կասեի՝ այո»:

Տեսանյութեր

Լրահոս