«Նայում ենք սարին, պարզ երևում է՝ թշնամու զորքն ակտիվացել է. մենք այսպիսի ապագա չենք ուզում». Կութի բնակիչ
«Կութում վերջին շրջանում համեմատական հանգիստ է, թշնամին հազվադեպ է կրակում՝ այն էլ օդ, բայց մեկ է՝ վախի մթնոլորտը կա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կութի բնակիչը։
Նրա խոսքով՝ չնայած թշնամու զորքը գյուղի վերևում նստած վերահսկում է ամբողջ Կութը, ինչպես նաև հարակից բնակավայրերը, գյուղում այս պահին ակտիվ գյուղատնտեսական աշխատանքներ են ընթանում․
«Ժողովուրդը դաշտերում աշխատում են՝ կարտոշկեքն են ջրում, արդեն ծաղկել է։ Խոտհարք են գնում, մոտիկ տեղերի խոտն են քաղում, սարի վրայի խոտը դեռ չի եղել՝ մի 2 շաբաթից նոր, էն էլ չգիտենք՝ անցած տարվա պես ադրբեջանցիները կվառե՞ն, թե՞ կթողնեն՝ գյուղացիները քաղեն․․․»։
Կութի բնակիչն ասաց, որ գյուղի ուղղությամբ կրակոցներ չկան իհարկե, բայց փոխարենը՝ ադրբեջանական զինված ծառայողների շարժը շատացել է․
«Նայում ենք սարին, պարզ երևում է, որ թշնամու զորքն ակտիվացել է։ Առավոտյան ժամերին հանգիստ է, բայց կեսգիշերից հետո շարժը սկսվում է, ավտոմեքենաների լույսերը երևում են։ Հենց իրենց մեքենաները հասնում են վերև, Կութի 3 քար կոչվող սարի մոտի լույսերն անջատում են, բայց մեկ է՝ պարզ երևում է։ Չնայած, որ ամրաշինական աշխատանքներ են կատարել, նաև վրաններն են տեղադրված, չեն հանել․․․»։
Դիտարկմանը՝ տպավորություն է, թե Կութի բնակիչները հարմարվել են ստեղծված իրավիճակին՝ ադրբեջանական զինված ծառայողների ՀՀ սուվերեն տարածք ներխուժելուն ու նրանց կրակոցների տակ ապրելուն, կութեցի կինն ասաց՝ ստիպված են։
«Չե՛նք հարմարվել, ուղղակի ստիպված ենք, հո չե՞նք թողնելու գնանք։ Իշխանությունը պետք է դրանց հետ շպրտի, մենք ամեն օր դա ենք ասում, որ իրենք գնան, թողնեն՝ մենք մեր տներում հանգիստ ապրենք, որովհետև մենք գնալու տեղ չունենք, էսի մեր հողն է, մեր ջուրն է, ո՞ւր գնանք։
Ճիշտ է, անձամբ ես այս իշխանությանը չեմ ընտրել, բայց լավ հիշում ենք իրենց տված խոստումը՝ ապագա կա։ Նիկոլն ասել է՝ ապագա կա, տեսնենք կա՞, թե՞ չկա, բայց ոնց գցում-բռնում ենք, ապագա չկա՛, որ լիներ, ադրբեջանցիները այստեղ չէին լինի, մենք այսպիսի ապագա չենք ուզում։
Վախը սրտներումս ապրում ենք, իրիկունները տնից դուրս չենք գալիս։
Մեր պահանջն է, որ ադրբեջանցիները հետ գնան, մենք մեր տներում հանգիստ ապրենք։ Մենք առաջ թուրք չենք տեսել, գնացել ենք մեր սարերում խոտհավաքի, գնացել ենք սար հատապտուղ քաղելու, բայց հիմա ռիսկ չենք անում ոչ խոտ քաղել, ոչ էլ անասուններին արոտ տանել․․․»։
Հիշեցնենք, որ 2021 թվականի մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում մի քանի կիլոմետր առաջ էր եկել՝ պատճառաբանելով, թե իր տարածքներն է, հետևաբար՝ չի հեռանում։ Գեղարքունիքի մարզում թշնամին առաջ է եկել Կութ, Ազատ, Նորաբակ և Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ։
Գեղարքունիքում տեղակայված ադրբեջանցի զինծառայողների սադրանքների հետևանքով հայկական կողմը նաև զոհեր և վիրավորներ է ունեցել։