«Ահա սա է տնտեսական լիբերալիզմ կոչեցյալը: Վայելեք»․ Հովհաննես Ավետիսյան
Տնտեսագետ, պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես վաղուց դադարել եմ հավատալ, որ ԿԲ-ն անկախ է գործում, հատկապես, երբ առկա որակներով ԱԺ ունենք (նախագահին և անդամներին ԱԺ-ում են ընտրում):
Հետևաբար, այս ամենն ինձ արդեն այլ բանի մասին է հուշում, մասնավորապես քաղաքական հետևյալ համատեքստն եմ տեսնում:
Մեծ գնաճը բացասական է ազդում հատկապես աղքատ բնակչության վրա: Դրամի արժեվորման հաշվին գնաճի զսպումը առաջին հերթին վնասներ է պատճառում հանրության միջին խավին, նրանց ովքեր խնայողություններ ունեն: Հետևաբար, իշխանությունների ընտրությունը այս երկուսի արանքում է. ա) թողնել, որ մեծ գնաճ լինի, կնշանակի առաջին հերթին, հանրության չքավոր հատվածին ավելի ծանր վիճակի հասցնել, բ) զսպել գնաճը՝ դրամն արժեվորելով և մաշացնելով աշխատող ու խնայողություններ անող միջին խավի ռեսուրսները, միաժամանակ վնասներ պատճառելով հայրենական արտադրողին:
Գաղտնիք չէ, որ վերջին «ընտրություններում» ներկա իշխանություններին ձայներ են տվել առավելապես հանրության չքավոր հատվածից (համեմատեք գյուղական և քաղաքային ավաններում հավաքած ձայների կշիռները), հետևաբար նրանք առավելապես մտահոգված են իրենց ձայներ ապահովող զանգվածի վնասները մեղմելով:
Սենց գրեցի-գրեցի, հետո մտածում եմ, որ այս մարդիկ սա էլ չէին ֆայմի անել:)) Բա լավ, ինչ է կատարվում:
Մի տարբերակ էլ կա, էլի քաղաքական, բայց ռուսական գործոնով պայմանավորված: Ու եթե այս գործոնն է ներկա վիճակի (փոխարժեք՝ շատ արժեվորված դրամ) պատճառը, կնշանակի մենք իրապես ամբողջությամբ կորցրել ենք մեր ինքնիշխանությունը և պարում ենք ռուսական դուդուկի տակ (դրանց դուդուկն էլ փտած):
Որևէ տնտեսագիտական բացատրություն այլևս չկա այս անհեթեթ վիճակին՝ այս կարճ ժամանակահատվածում այսքան մեծ չափով դրամի արժեվորման:
Գրողը տանի, ինչ եք անում ու ինչի համար, գոնե հասկանալի բացատրեք, մարդիկ գլխների գալիքը իմանան:
Ահա սա է տնտեսական լիբերալիզմ կոչեցյալը: Վայելեք»: