Նիկոլը հայկական դիվանագիտական հաղթանակները Դուշանբեի վերելակում նվիրեց Ալիևին. Արմեն Աշոտյան

«Նիկոլ Փաշինյանի զառանցանքների մեջ կարմիր գծով անցնում էր հետևյալ սուտը՝ ասում է՝ նախկիններն արդեն համաձայնել էին, որ Ղարաբաղը պետք է Ադրբեջանի կազմում լիներ. Ժողովուրդ ջան, ինքը ձեզ դրել է աբորիգենների տեղ, որ մտածում է՝ դուք ոչ գրել գիտեք, ոչ կարդալ, ոչ հասկանում եք, ոչ հիշողություն ունեք:

Ինքը ասում է անպիսի բաներ, որ յուրաքանչյուրը հենց իրեն լսեք, ինտերնետում կփնտրեք, կտեսնեք, որ սուտ է խոսում»,- Նիկոլ Փաշինյանի ԱԺ վերջին հայտարարություններին անդրադառնալով՝ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Ընդդիմադիր քաղաքական գործիչը նկատեց նաև, որ «Նիկոլի սուտը բացահայտելու համար» կարող են մոռանալ տեղի քաղաքական ուժերի հայտարարությունները և ուսումնասիրել միջազգային պաշտոնական մեկնաբանությունները:

«Օրինակ, փնտրեք ՌԴ ԱԳՆ հայտարարությունները, թե ինչպիսի բանակցային ժառանգություն էր թողել Սերժ Սարգսյանը: Պարզ կտեսնեք, որ ՍՍ-ն թողել էր ժառանգություն, որտեղ Արցախի միջանկյալ կարգավիճակը երաշխավորվում էր, և այդ ամենն արված էր մինչև ՆՓ-ի իշխանության գալը»,- ասաց նա:

Ընդդիմադիր գործիչը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի Կապանի 2020 հունվարյան ասուլիսը, որտեղ նա կարդում էր Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը:

Իսկ այն, որ կարդում էր, ակնհայտ երևում է տեսանյութից, ասում է՝ հանրաքվե. այսինքն՝ ինքնորոշման իրավունք, միջանկյալ կարգավիճակ և ամենակարևոր բաղադրիչներից մեկը՝ այդ ամենը լինելու էր միջազգային խաղաղապահ ուժերի մանդատի ներքո:

«Ջհանդամիս՝ Ալիևը համաձայներ հետո հանրաքվեի, կարևորը՝ Արցախը, Քելբաջարն ու Լաչինը մնում էին հայկական, էլ չասեմ՝ Շուշին և այլն, այդ ամեն ինչը շրջապատված էր լինելու միջազգային մանդատով օժտված խաղաղապահ ուժերով, Արցախն ունենալու էր միջանկյալ, աշխարհում ճանաչված կարգավիճակ, և սա չտեսնելը ու ասել, ասելու համար՝ այս ամեն ինչը վատն էր՝ այն դեպքում, երբ մենք այսօր ունենք մի ճմրթված երկրորդ հայկական պետություն…»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը:

Հիշեցնենք՝ ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե այն պնդումները, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացի ողջ պատմության ընթացքում առաջնորդվել են «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» սկզբունքով ու ռազմավարությամբ, կատարյալ սուտ են՝ մանրամասնելով. «Այդ պնդումները կատարյալ սուտ են, որովհետև բանակցային գործընթացի ողջ պատմության ընթացքում թե Ռոբերտ Քոչարյանը, և թե Սերժ Սարգսյանը, և այդպիսով նաև՝ նրանց քաղաքական արբանյակ Դաշնակցությունը Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս և/ կամ չեն առաջնորդվել «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» սկզբունքով»:

Տեսանյութեր

Լրահոս