«Սինանյանի այցն ԱՄՆ խայտառակություն էր, բայց այս մարդը խայտառակվելուց չի ամաչում»․ Հարութ Սասունյան

Հունիսի սկզբին ՀՀ սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Միացյալ Նահանգներում էր, որտեղ, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, հանդիպումներ էր ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Լոս Անջելեսի հայ համայնքի հետ նրա հանդիպումը տապալվել էր և վերածվել «Սինանյան դավաճան» կարգախոսով ակցիայի: Չնայած սրան, իր վերջին հարցազրույցներից մեկում Զարեհ Սինանյանը ակցիան մի դրվագ էր որակել՝ ասելով, որ ունեցել է արդյունավետ այց և շուրջ 2 տասնյակ հանդիպումներ Միացյալ Նահանգներում:

168TV-ի եթերում այս և մի շարք այլ թեմաների շուրջ տեսակապով զրուցել ենք «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանի հետ:

Նա նշեց, թե չի զարմանում, որ Զարեհ Սինանյանը ոչինչ չի արել ու չի կարող անել, որովհետև պետք է նայել, թե ով է նրան նշանակել, իսկ նրան նշանակողը Փաշինյանն է, որն ինքն է երկիր ղեկավարելուց հեռու, անկարող է ղեկավարել: Ըստ Սասունյանի, Նիկոլ Փաշինյանի բոլոր նշանակումները՝ լինի Սինանյան, Մակունց, նախարարներ, բոլորն «անորակ» նշանակումներ են, նրանք անփորձ մարդիկ են, ոչ մի կերպ չեն կարող օգտակար լինել հայրենիքին և ոչ մի ձևով խորհուրդ չեն կարող տալ Փաշինյանին:

«Նույնիսկ, եթե մեկը խելացի երկու խոսք ասի, որպես խորհուրդ Փաշինյանին, դա էլ իզուր է, որովհետև Փաշինյանը ոչ մեկին չի լսում: Ինձ հաճախ հարցնում են՝ Փաշինյանը լսո՞ւմ է Սփյուռքին, ասում եմ՝ մոռացեք, Փաշինյանը նույնիսկ իր կուսակիցներին, կողմնակիցներին, ԱԺ-ին չի լսում, միանձնյա է կայացնում յուրաքանչյուր որոշում՝ առանց որևէ բան իմանալու, մի օր մի հայտարարություն է անում, մեկ այլ օր՝ մեկ այլ հայտարարություն: Շատ վատ վիճակում է մեր երկիրը, և չեմ զարմանում, որ Սինանյանի նման մարդու է նշանակել»,- ասաց Սասունյանը: Բացի այդ, Հ․ Սասունյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Սինանյանը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնը զբաղեցնում է շուրջ 3 տարի, աշխատավարձ է ստանում ժողովրդի գումարներից, բայց որևէ արդյունք չկա, ժամանակ առ ժամանակ շրջագայում է, և «այս մարդը այստեղ-այնտեղ շրջում է, ոչ մի բան չի կատարում»։

«Մի քանի ամիս առաջ Ֆրանսիա գնաց, նույն խայտառակությունն այնտեղ տեղի ունեցավ, գլխավոր կազմակերպությունները հրաժարվեցին նրան հանդիպել: Այս մարդն այնքան աներես է, որ նույնիսկ խայտառակ վիճակում է հայտնվում, հրապարակում է մամուլի հաղորդագրություն, ասում է, որ ինչ-որ բաներ է արել: Ես կարդացի իր վերջին գրությունը, հանդիպել է ոչ թե մի քանի տասնյակ, այլ մի քանի փոքր թվով կազմակերպությունների հետ: Ես հիշում եմ, որ երբ 4 տարի առաջ Փաշինյանը նշանակեց պարոն Մխիթար Հայրապետյանին, որպես Սփյուռքի նախարար, նա եկավ այստեղ՝ Գլենդել, ոչ ոք նրան չէր ճանաչում, բայց քանի որ եկել էր Հայաստանից, որպես նախարար, մի հսկա սրահ էին վարձել, որտեղ կար 2000 հոգի, և այդ մարդն անծանոթ մարդ էր Սփյուռքի համար։ Իսկ Սինանյանն այստեղ էր ապրել ողջ կյանք, քաղաքապետ է եղել, և բոլորը նրան ճանաչում են, սակայն ոչ թե 2000, այլ 200 հոգի չի կարող հավաքել մի տեղում: Առաջին օրը, որ այստեղ հասավ, եղավ մի միջոցառում, որը խայտառակ ձևով ավարտվեց, սրահից նա փախավ, հետո երբ բողոքողները գնացին, ետևի մուտքից մտավ՝ գաղտագողի, և մի քանի խոսք ասաց մոտավորապես 20 հոգու առջև: Այսինքն, լրիվ խայտառակություն է, բայց այս մարդը խայտառակվելուց չի ամաչում և անընդհատ կարծում է, թե ինչ–որ բան է անում, բայց անընդհատ վնաս է տալիս մեր հայրենիքին, Սփյուռք-Հայաստան կապերին, քան օգուտ»,- ասաց Հարութ Սասունյանը:

Նա նշեց, որ այս դժգոհությունների մասին նշում է ոչ թե ուրախությամբ, այլ սրտի մեծ ցավով: Ըստ նրա, Հայաստանի «բոլոր աթոռների վրա կարող մարդկանց կարիքը կա»՝ վերից վար: «Երանի հարցը միայն Սինանյանը լիներ, բոլորն էլ խնդիր են, որովհետև վարչապետն ինքը գլխավոր խնդիրն է, և եթե նա չի իմանում՝ ինչ է անում, ինչպե՞ս պետք է նշանակի կարող մարդկանց»,- նկատեց Սասունյանը:

Ամերիկահայ գործիչը հիշեց, որ երբ Փաշինյանը եկավ իշխանության, մարդիկ չգիտեին, թե նա ով է, ինչ է անելու, չափազանց խանդավառ էին, կարծում էին՝ երկնքից մի փրկիչ է իջել երկիր, իսկ նա բոլոր հարցերի համար մեղադրում էր նախկիններին, և կամաց-կամաց ժողովուրդն իր աչքերով՝ նույնիսկ մինչ պատերազմը, տեսավ, որ այս մարդը ոչինչ չի կարող անել, պատերազմի ընթացքում, որպես գերագույն գլխավոր հրամանատար՝ ձախողվեց, և այս վիճակին մենք հասանք: «Հիմա Սփյուռքում գրեթե մեծամասնությունն իշխանություններին դեմ են: Ինչպես որ Սինանյանն է անում, փորձում են մեկ-երկու մարդ այստեղ-այնտեղ գտնել, հանդիպել, նկարվել և այլն: Օրինակ, երբ նա գնաց Դետրոյտ, այնտեղ հաջորդ օրը հայտարարեց, թե հանդիպել է հայ համայնքի ղեկավարների հետ, սակայն հայ համայնքի ղեկավարները հայտարարեցին, որ իրենք նույնիսկ տեղյակ չեն, որ Սինանյանն այնտեղ է, ու նրան չեն տեսել, նա մտել էր միայն մեկ եկեղեցի, որտեղ կային փոքրաթիվ մարդիկ, տեսանյութ կար, և այդտեղ երբ հրավիրեցին երկու խոսք ասելու, նա դաշնամուր նվագեց, սա էր Դետրոյտում իր արածը: Այստեղ եկավ՝ որևէ մեկը տեղյակ չէր նույնիսկ, որ նա այստեղ է, ոչ մի տեղ չէր երևում: Կարող են մեկ-երկու հոգի գտնել, բայց Սփյուռքն ունի 7 մլն հայ, մեկ-երկու հոգով մենք տեղ չենք հասնելու, պետք է ամեն ինչ անենք, որ միասին աշխատենք՝ որպես մեկ ժողովուրդ, մեկ ընտանիք, մեր հայրենիքը բազում հարցեր ունի, 1-2 հոգով չի լուծվելու այս հարցը: Բոլորս պետք է միասին աշխատենք»,- ասաց Սասունյանը:

Նա նաև այն կարծիքին է, որ սև-սպիտակի բաժանումը սկսվեց Հայաստանից և փոխադրվեց Սփյուռք: Սասունյանը նշեց, որ երբ Սինանյանը հարցազրույց է տալիս, անընդհատ քննադատում է Սփյուռքի գլխավոր կազմակերպություններին, անում է ճիշտ հակառակը, ինչ պետք է անի: Ըստ նրա, նորմալ պաշտոնյան սիրաշահում է բոլորին, բոլորի հետ աշխատում է: «Իսկ ինքն ասում է՝ ես դասական կազմակերպությունների, կուսակցությունների հետ չեմ աշխատելու, աշխատելու եմ փոքր խմբերի հետ։ Լրիվ սխալ մոտեցում է, նա պետք է աշխատի բոլորի հետ՝ անկախ նրանից, թե ովքեր են, որ կողմից են․ պետության համար կողմ չկա, մենք բոլորս էլ հայ ենք, ՀՀ-ն մեր բոլորի հայրենիքն է, մենք կարող ենք մեր ներքին վեճերն ունենալ, բայց երբ մեր հայրենիքին օգնելու հերթը գա, մենք ամեն ինչ պետք է մի կողմ դնենք ու օգնենք մեր հայրենիքին: Այս մարդը դա էլ չի հասկանում, որովհետև չի հասկանում իր պաշտոնը, նա սխալ պաշտոնի է»,- ասաց Սասունյանը:

Խոսելով այն հանգամանքից, որ Թուրքիայի իշխանություններն աջակցում են ՀՀ իշխանություններին ու փորձում պաշտպանել Սփյուռքի ավանդական կառույցներից՝ Սասունյանը նշեց, որ Թուրքիան և Ադրբեջանը տեսնում են, որ Սյփուռքը կարծր դիրքորոշում ունի և պաշտպանում է ՀՀ ազգային շահերը և ոչ մի զիջման տեղի չի տալիս, չի ընդունում թուրքական ոչ մի սուտ, կեղծիք, զրպարտություն, Ցեղասպանության, մեր պատմական Արևմտահայաստանի հողերի, մեր սահմանների մասին, ուրեմն՝ երբ Չավուշօղլուն տեսնում է անզիջում Սփյուռք ու զիջողական իշխանություն, պարզ է, որ նա պետք է կողմնապահություն անի ի օգուտ ՀՀ իշխանությունների:

Հարցին, թե ՀՀ իշխանությունների քաղաքականությունն ազդե՞լ է այդ կառույցների աշխատանքի արդյունավետության վրա կամ վնասե՞լ է դրանց, Սասունյանը պատասխանեց, որ այդ կառույցները լավ թե վատ շարունակում են իրենց աշխատանքը: «Բայց ինձ համար Սփյուռքի ներքին աշխատանքներից է՛լ ավելի կարևոր է մեր հայրենիքի իրավիճակը, որովհետև իսկապես անդունդի եզրին կանգնած վտանգավոր իրավիճակում ենք: Սակայն այդ քաղաքականությունը որոշակի բացասական հետևանքներ ունենում է»,- ասաց նա:

Նրա որակմամբ, ցավալին այն է, որ բոլոր երկրները շատ լավ հասկանում են իրենց շահերը, բայց ՀՀ իշխանությունները չեն հասկանում ՀՀ-ի շահերը:
Հարցին՝ ինչո՞ւ է այդպես, նա պատասխանեց, որ անտեսանելի ու անփաստելի հարցերով չի զբաղվում: «Ասեմ այն, ինչ անձնապես տեսել եմ ու հավատում եմ: 2019 թվականի սեպտեմբերին ես եկա Հայաստան, վարչապետն ինձ ընդունեց, մեկ ժամ նստեցինք-խոսեցինք: Նա ինձ քաղաքավարի ու ազնիվ ընդունեց, մինչ այդ երբեք չէինք հանդիպել, բայց այդ մեկ ժամ խոսակցությունը, որ տեղի ունեցավ, այնքան ձախողված զրույց էր: Այն բոլոր հարցերը, որ ներկայացնում էի Հայաստանի վերաբերյալ և խորհուրդներ տալիս, որևէ հետաքրքրություն չէր ցուցաբերում, չէր լսում, նստած, սառած աչքերով, սառած դեմքով նայում էր իմ երեսին, և այդ մեկ ժամից հետո ես եզրակացրել եմ, որ այս մարդն իր տեղում չէ, իր պաշտոնում չէ, այս մարդը չի կարող երկիր ղեկավարել և պետք է դուրս գա այդ տեղից»,- ասաց Սասունյանը:

Նա նաև այն կարծիքին է, որ Արևմուտքը՝ ԱՄՆ-ը, ԵՄ-ն, գնահատելով ՀՀ իշխանություններին՝ որպես ժողովրդավար, երկակի ստանդարտներով են առաջնորդվում, ինչպես միշտ: «Փաշինյանը դիկտատոր է, քան ժողովրդավար»,- նկատեց նա:

Ըստ նրա, Բայդենի կառավարության նպատակը տարածաշրջանում, Հայաստանում և ամենուր ՌԴ-ն տկարացնելն ու թուլացնելն է, Ռուսաստանի ազդեցությունը վերացնելը, և այդ տեսանկյունից պետք է դիտարկել նաև ԱՄՆ քաղաքականությունը Հայաստանում և ռեգիոնում:

Տեսանյութեր

Լրահոս