Խոզի, գառան և տավարի մսերի գներն աճել են
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2022թ. մայիսը 2021թ. մայիսի նկատմամբ) կազմել է 9.0%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.1%:
Վիճակագրական կոմիտեից փոխանցում են, որ հանրապետության դիտարկվող 10 քաղաքներում 2022թ. մայիսին ապրիլի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-0.3%-ով, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.1%-ով:
2022թ. մայիսին 2021թ. մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 14.5% գնաճ, իսկ 2022թ. ապրիլի համեմատ՝ 0.8% գնանկում: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2022թ. մայիսին ապրիլի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 1.2-0.1%-ով, այդ թվում, գնանկման համեմատաբար բարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Հրազդանում: Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 0.8%-ով:
2022թ. մայիսին 2021թ. մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է խոզի մսի՝ 10.8%, ալյուրի՝ 13.5%, բրնձի՝ 15.8%, լոբու՝ 5.1% գնաճ, իսկ 2022թ. ապրիլի համեմատ՝ համապատասխանաբար 0.6%, 1.1%, 0.5% և 1.3% գնանկում:
2022թ. մայիսին 2021թ. մայիսի համեմատ ձվի գինը նվազել է 28.7%-ով, իսկ 2022թ. ապրիլի համեմատ՝ 18.1%-ով:
Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2022թ. մայիսին 2021թ. մայիսի համեմատ արձանագրվել է 8.6% գնաճ, իսկ 2022թ. ապրիլի համեմատ՝ 3.0% գնանկում:
Միաժամանակ, 2022թ. մայիսին 2021թ. մայիսի համեմատ հանրապետությունում գառան և տավարի մսերի գներն աճել են 4.8% և 12.2%-ով, հացինը՝ 14.1%-ով, կաթնաշոռինը՝ 19.2%-ով, պանրինը՝ 22.9%-ով, մակարոնեղենինը՝ 27.7%-ով, իսկ 2022թ. ապրիլի համեմատ՝ համապատասխանաբար՝ 2.1%, 1.3%, 0.2% և 1.0%, 1.4% և 0.6%-ով: Հնդկացորենի, ոսպի և ոլոռի գները 2022թ. մայիսին 2021թ. մայիսի համեմատ աճել են 41.7%, 34.5%, 11.9%-ով, իսկ 2022թ. ապրիլի համեմատ՝ 0.8%, 1.6% և 1.3%-ով: Բանջարեղենի և մրգի ապրանքախմբերում 2022թ. մայիսին 2021թ. մայիսի համեմատ արձանագրվել է 51.3% և 0.4% գնաճ, իսկ 2022թ. ապրիլի համեմատ՝ 5.4% և 0.7% գնանկում:
Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը 168.am-ի հետ զրույցում նշեց. «Տեղական թռչնամիս էլ ենք արտադրում, բայց էլի գնանկում է գնում: Հավկիթից բացի, նվազել է թռչնամսի գինը՝ արդեն 1300-1500 դրամով են վաճառում: Սպառում չկա, գնողունակությունն ընկել է, եկամուտները ցածր են: Հիմա քանի որ գերարտադրություն է, էժան գնով վաճառում են, որ կեր առնեն»:
«Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանն էլ ընդգծեց.
«Ոչ միայն մեզ մոտ, այլև ամբողջ աշխարհում է այդպես: Սակայն ամեն պետություն պետք է կանխատեսի, թե ինչպիսի թանկացում կլինի, որպեսզի այն կառավարելի լինի: Բացի դա՝ քաղաքակիրթ երկրներում թանկացումների հետ միաժամանակ՝ աշխատավարձն է բարձրացվում, նպաստը, իսկ Հայաստանում դա տեղի չի ունենում, ինչն էլ ազդում է սպառողների գնողունակության վրա»: