Բաժիններ՝

Առանց այն էլ բանկը գումար կանխիկացնելու համար 2% պահում է, թալանն էլ ո՞նց է լինում. մեքենա վաճառողները` անկանխիկ վճարումներին անցնելու մասին

2022 հունվարին ընդունված «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում փոփոխություններով հուլիսի 1-ից Հայաստանում, մասնավորապես, բնակարանների և ավտոմեքենաների վաճառքը կատարվելու է միայն անկանխիկ վճարումով։ ՀՀ տարածքում անհատ ձեռնարկատերերը և կազմակերպությունները 300 հազարը գերազանցող բոլոր գործարքները պետք է իրականացնեն անկանխիկ, իսկ Ֆիզիկական անձանց համար նման գործարքների շեմը 500 հազարն է՝ 2023թ․-ից արդեն շեմը կիջեցվի մինչև 300 հազարը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիս 2-ի կառավարության նիստում օրենսդրական այս փոփոխությանն անդրադառնալով՝ ասել էր. «եթե հանկարծ կանխիկ վճարումներով տեղի կունենա գործարք, և չի արձանագրվի անկանխիկ փոխանցումը, դա կարող է այդ գործարքն առոչինչ ճանաչելու հիմք դառնալ: Մենք սրանով ուզում ենք մարդկանց կյանքը պարզեցնել»:

Ավտոմեքենաների առք ու վաճառքով զբաղվող քաղաքացիները դեմ են այս որոշմանը, նրանք մտավախություն ունեն, որ բանկը կբարձրացնի միջնորդավճարի տոկոսը: Միևնույն ժամանակ օրենքում կատարված փոփոխություններում կան նաև լավ կետեր, մասնավորապես, կպակասեն խաբեության դեպքերը:

«Բանկերին հարստացնելու հերթական քայլը: Առանց այն էլ բանկը գումար կանխիկացնելու համար 2% պահում է, թալանն էլ ո՞նց է լինում: Իմ կարծիքով՝ հուլիսի 1-ից կսկսվի նվիրատվությունների շարանը»,- մեզ հետ զրույցում ասաց ավտոներկրող Արմեն Ղարիբյանը:

Կարեն Հակոբյանը ավտոմեքենաների վաճառքով է զբաղվում, նա էլ նշեց. «Մի կողմից՝ լավ է, որ կեղծ դրամով չեն կարող խաբել վաճառողին, իսկ առք ու վաճառքի 1/5 մասը, հնարավոր է՝ անկանխիկով անեն, և վերջ, ո՞վ իրավունք ունի խառնվի: Հերթական քերելու տարբերակն են մտածել, բնական է, եթե անգամ տոկոս չգանձեն՝ բանկերի միջնորդավճարներն էլ են հերիք: Ի դեպ, եթե ուզում են կանխիկ գործարքները կրճատել, ապա ինձ մեկը կարո՞ղ է ասել՝ օրինակ, ինչո՞ւ բենզալցակայաններում չեն ստիպում, որ գումարը նաև քարտով ստանան»:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն էլ ավելի վաղ մեզ հետ զրույցում նշել էր. «Գաղտնիք չէ, որ մարդիկ պայմանավորվում են դոլարով՝ անշարժ գույքը կամ ավտոմեքենան վաճառելիս, և եթե բանկով փոխանցում կատարեն՝ դոլարը պետք է սարքեն դրամ, այս դեպքում բանկը 1-2 դրամի չափով միջնորդավճար ամեն դոլարի հաշվով պահելու է: Հնարավոր է՝ բանկերը օգտվեն ստեղծված իրավիճակից, միջնորդավճարն ավելի մեծացնեն: Մի խնդիր էլ կա. հնարավոր է՝ մարդիկ առք ու վաճառքի գործարքները թաքցնեն կամ վերափոխեն նվիրատվության և շրջանցեն օրենքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս