«Այդ կարմիր բերետները ղեկավարվում են օլիգարխների կողմից, ու մեզ համար ակնհայտ է, որ իրենց մեջ կան հանցագործներ, ովքեր կոնկրետ անուներով հարձակվում են քաղաքացիների, այդ թվում՝ պատգամավորների վրա». Իշխան Սաղաթելյան
Նախարարներին չէինք էլ ասում՝ իջեք, ասում էինք՝ պատգամավորները կբարձրանան: Սա է իրականությունը: Գնացել ենք շատ քաղաքակիրթ կերպով, ասել ենք, որ որևէ շենք չենք շրջափակում: Ժողովրդով եկել ենք, պատգամավորները պետք է բարձրանան նախարարությունների շենք, հանդիպեն նախարարներին, ասեն՝ այս փաստաթղթի (Արցախի ու Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացներում կարմիր գծերի մասին ընդդիմության կազմած ու մայիսի 28-ին հրապարակած փաստաթուղթը.- Գ.Ս.) վերաբերյալ դիրքորոշում հայտնեք: Բայց քանի որ չունեն դիրքորոշում, կամ այդ դիրքորոշումը շատ նման է Ալիևի դիրքորոշմանը, ու այդքան համարձակություն չունեն հակադրվելու Նիկոլին, և ոչ էլ հակառակը՝ հակադրվելու ժողովրդին, գերադասեցին ոստիկանական ուժերով օրենքի պահանջներին դեմ գնալ և թույլ չտալ, որպեսզի պատգամավորները բարձրանան շենք:
Այս մասին քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում ասաց Դիմադրության շարժման համակարգողներից Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ ճեպազրույցում:
«Սա խայտառակություն է: Ժողովրդավարական բաստիոնից խոսող իշխանությունը արգելում է ժողովրդի կողմից ընտրված պատգամավորներին, ովքեր, երկու ընդդիմադիր խմբակցություններով միասին, առնվազն 330 000 քվե են ստացել, ազատ տեղաշարժվել: Երկու խմբակցությունների պատգամավորները առնվազն այդքան մարդու անունից խնդիր բարձրաձայնելու իրավունք ունեն»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:
Նրա խոսքով՝ ընդդիմադիրները ձևակերպել են մի շատ պարզ փաստաթուղթ, որի մեխն այն է, որ Արցախը որևէ պարագայում չի լինելու Ադրբեջանի կազմում, և իրենք ընդամենն ուզում էին իմանալ՝ նախարարներն այդ փաստաթղթի հետ կապված ինչ դիրքորոշում ունեին:
«Արդյունքում՝ ներքին զորքեր, կարմիրբերետավորներ, սևբերետավորներ, շենքի ներսում՝ 6-րդ վարչության ու ազգային անվտանգության հատուկջոկատայինները… Ի՞նչ էինք անում… Խի՞ եք էդքան վախեցել, արա… որովհետև իրենք «արա» են, որովհետև իրենց էդպես են պահում»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:
Ազգային ժողովի (ԱԺ) փոխխոսնակը շեշտեց՝ բոլոր պատգամավորները չէին բարձրանալու, այլ խումբ-խումբ պատրաստ էին հանդիպել նախարարների հետ, ասել՝ խնդրում ենք ասել Ձեր դիրքորոշումը:
«Ուրեմն մի քանի հարյուր բերման ենթարկված ունենք, կիրառել են խայտռակ բիրտ ուժ, այդ թվում՝ պատգամավորների նկատմամբ, ամենալկտի, այլանդակ ձևով, ու հիմա էլ փորձ են անում բերման ենթարկված տղերքի վրա գործ հարուցել: Այսինքն՝ փոխանակ ոստիկանության ապօրինի, բիրտ, խայտառակ գործողությունների դեմ գործ հարուցվի, հարուցվում է այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր ընդամենը մեկ պահանջ ունեին, ասում էին՝ պատգամավորները նախարարների հետ պետք է հանդիպեն: Սա է իրականությունը»,- ասաց նա:
Իշխան Սաղաթելյանը կրկին հիշեցրեց՝ 5 օր ժամանակ ունեն կողմնորոշվելու, և ով դեմ է այս փաստաթղթին, նա կողմ է Ալիևի՝ Հայաստանը և Արցախը կործանելու ծրագրին:
«Թող մեր հասարակությունը, ժողովուրդը, բոլորն էլ իմանան, կողմնորոշվեն վերջնական: Ուզո՞ւմ են հայրենիք, պետություն ունենալ, թե՞ չէ: Հազար անգամ ասում ենք՝ իշխանության հարց չէ: Պետք է բոլորս հայտարարենք, որ որևէ պարագայում իշխանություն չենք ուզում: Հայտարարում ենք, որ սա մեզ համար այս բեմից դիրքավորվելու նախընտրական պայքար չէ, կուսակցական պայքար չէ, սա համաժողովրդական շարժում է՝ հանուն Հայաստանի, Արցախի: Բոլորը թող կողմնորոշվեն, մենք էլ իմանանք՝ ինչ ենք անում: Եթե ուզում են թրքանալ, եթե չեն ուզում պետություն ունենալ, թող գնան Նիկոլի հետ ապրեն: Մենք չենք համակերպվելու դրա հետ, մինչև վերջին շունչ պայքարելու ենք: Ու Նիկոլը Հայաստանում իշխպանություն չունի, ունի պաշտոն, որը պահում է ոստիկանությունը»,- ասաց Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով՝ ակնհայտ է, որ ժողովուրդը ոտքի է կանգնել, պետք է ծավալներն ավելացնել ու այս իշխանությանը ուղարկել «գրողի ծոցը»:
Նա շեշտեց՝ շարունակելու են նույն կերպ գնալ բոլոր նախարարություններով, լինելու են բոլոր գերատեսչություններում, կրթական հաստատություններում:
«Մեզ համար շատ կարևոր է, որ մեր մյուս հայրենակիցները, ովքեր զբաղեցնում են բարձր դիրքեր, միայն պետական պաշտոնյաները չէ, պարտավոր են ստեղծված իրավիճակում դիրքորոշում հայտնել»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
Իշխան Սաղաթելյանը պնդեց՝ հունիսի 3-ին այս իշխանությունների քաղաքական գերեզմանի օրն է լինելու, որովհետև դրանից հետո իրենց բոլոր փաստարկներն այլևս դառնում են անիմաստ:
«Պատգամավորներին միայն չեն քաշքշել, կոնկրետ խփել են: Ինձ, Աշոտ Սիմոնյանին, Գեղամ Մանուկյանին. Սրանք ես իմ աչքով եմ տեսել: Ես վստահ եմ՝ մնացած պատգամավորներին՝ ևս: Ես տեսա Արամ Վարդևանյանին, Աղվան Վարդանյանին, Տիգրան Աբրահամյանին… Այսինքն՝ շատ հստակ հանձնարարություն են ունեցել: Նորից եմ կրկնում՝ այդ կարմիր բերետները ղեկավարվում են օլիգարխների կողմից, ու մեզ համար ակնհայտ է, որ իրենց մեջ կան հանցագործներ, ովքեր ակնհայտ հանձնարարությամբ, կոնկրետ անուններով հարձակվում են քաղաքացիների, այդ թվում՝ պատգամավորների վրա: Դրանց և տերերի անունները գիտենք, և իրենց հատ-հատ, ու եթե իրենց թվում է՝ մարսելու են, սխալվում են: Ուղղակի ամեն անգամ տուն մտնելիս թող նայեն իրենց երեխաների, ծնողների ու հարևանների աչքերին, հասկանան՝ իրենք ինչ են անում… Ու առհասարակ բոլորը թող իմանան՝ կյանքում որևէ իշխանություն հավերժ չի եղել, իսկ այս իշխանությունը ոչ միայն հավերժ չէ, այլև խիստ ժամանակավոր է»,- ասաց Իշխան Սաղաթելյանը՝ հիշեցնելով՝ ով ինչ անում է, պետք է իմանա, որ գալու է պատասխան տալու օրը:
Նրա խոսքով՝ երկրում «խայտառակ բեսպրեդել է», մեկ մարդու իշխանություն է հաստատված, բայց միևնույն է, իրենց նպատակը չի իրագործվելու:
«Դուք տեսեք, մի քանի հարյուր մարդ են բերման ենթարկել, բայց մարդկանց տրամադրություններին նայեք, նրանց վճռականությանը: Այս պայքարն անկասելի է: Ժամանակի հարց է»,- ասաց նա:
Պատգամավորն ասաց՝ իրենք հետևողական են լինելու նախ այն հարցում, որ արդեն իսկ հարուցված 47 քրեական գործերը, որոնցով ոստիկանները պատասխանատվության պետք է կանչվեն, ծածկադմփոց չանեն:
«Նաև այսօրվա դեպքերով համապատասխան գրություններ և գործընթաց լինելու է: Հենց հիմա մեր փաստաբաններն ու պատգամավորներն էդ ուղղությամբ աշխատում են: Բայց երբ երկրում չկա օրենք, «բարդակ է», երբ ապօրինությունների շղթային վերջ չկա, այսօր դրա վրա հույս դնելն անիմաստ է: Մեզ պետք է ժողովրդի ցասումը, պետք է այս պայքարը դարձնել համահայաստանյան ու վերջնական վռնդել սրանց: Ուրիշ ճանապարհ չկա: Օրենքն իրենց համար վաղուց սպառվել է: Դատարաններ շրջափակող, ընդդիմությանը կալանքի չտանող դատավորներին դատող իշխանությունների հետ հույս կապել, որ օրենք կպահեն, հնարավոր չէ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ նաև օրենքի գերակայություն հաստատելու համար պետք է այս իշխանությանը հեռացնել, որովհետև նրանք խախտել են երկրի գլխավոր օրենքը՝ Սահմանադրությունը:
Նա հիշեցրեց՝ մեր Սահմանադրության համաձայն՝ իշխանությունը պարտավոր է ապահովել երկրի տարածքային ամբողջականությունը, անձեռնմխելիությունը, ինքնիշխանությունը, իսկ այս իշխանությունը հեռացել է այդ կարևոր դրույթներից:
Իշխան Սաղաթելյանը խոսեց նաև այսօրվա ծրագրերից:
«Ժամը 19.30-ին հավաքվելու ենք: Մի փոքր այլ ֆորմատով է լինելու այսօրվա մեր հավաքը: Լինելու է աշխատանքային զրույց մեր քաղաքացիների հետ, որովհետև հաճախ այդ անմիջական շփումն ավելի կարևոր է քաղաքացիներին լսելու, արվածն ամփոփելու ու վաղվա մեր անելիքները պլանավորելու առումով: Վաղն առավոտվանից կսկսվեն ակցիաները, իսկ վաղը երեկոյան կունենանք հանրահավաք և երթ»,- եզրափակեց Իշխան Սաղաթելյանը:
Մանրամասները՝ տեսանյութում