Այդ փոքրիկը, Նիկոլ կոչեցյալը, ուզում է լռեցնի. ոչ կալանավորվելուց եմ վախենում, ոչ տուգանվելուց… թող համբարձվի երկինք առանց արբանյակների․ Գևորգ Պետրոսյանը՝ իրեն առաջադրված մեղադրանքի մասին
Ինչպես արդեն հայտնել էինք՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
Գևորգ Պետրոսյանը մեղադրվում է տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ, անձի՝ հանրային գործունեությամբ պայմանավորված, ծայրահեղ անպարկեշտ եղանակով նրա արժանապատվությունը վիրավորելու և անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութ տարածելու համար։
168.am-ի հետ զրույցում Գևորգ Պետրոսյանը սա համարեց քաղաքական հետապնդում, շեշտելով, որ իր կատարած գրառման մեջ որևէ հանցակազմ չկա։ Իսկ թե կոնկրետ ի՞նչ վիրավորանքի մասին է խոսքը, Պետրոսյանն ասաց, որ գրառումը կատարել է մոտավորապես 2.5-3 ամիս առաջ․
«Ես ֆեյսբուքյան իմ էջում գրառում եմ արել, ասել եմ՝ ՊԻԴՌ Նիկոլ, ու նույն գրառման մեջ ես վերծանել եմ ՊԻԴՌ հապավումը՝ պատեհապաշտ, իսլամասեր, դառնարյուն, ռևոլյուցիոներ։ Այն, որ ինքը պատեհապաշտ մարդ է, ոչ մի որոշում ինքնուրույն չի կայացնում կայունության սկզբունքին համապատասխան, այլ կայացնում է այդ պահին թելադրված անհրաժեշտությամբ, իսլամասեր է, որովհետև մենք գիտենք, որ ինքն ասում է՝ թուրքերը մեր եղբայրներն են, դառնարյուն, որովհետև ժողովրդի մեծամասնությունը զզվում է իրենից, ռևոլյուցիոները, կարծում եմ՝ ապացուցման կարիք չկա, որ ինքն իրեն համարում է հեղափոխական։
Հիմա այս արտահայտությունն իրենք որակել են, որ, իբր դա ծանր վիրավորանք է, ես էլ գտնում եմ, որ դա բացարձակ քաղաքական հետապնդում է, որովհետև, եթե մենք հիմք ենք ընդունում Սահմանադրության 28-րդ հոդվածը, համաձայն որի՝ բոլորը հավասար են օրենքի առաջ, բա այսօր ինչո՞ւ քրեական գործ հարուցված չէ Ալեն Սիմոնյանի նկատմամբ, որն Ազգային ժողովի հրամանատարական բարձունքից Էդմոն Մարուքյանին անվանեց անբարոյականի վաստակ։ Ինչո՞ւ քրեական գործ հարուցված չէ նույն Նիկոլ Փաշինի նկատմամբ, որն Ազգային ժողովի թիվ մեկ քաղաքական ամբիոնից հայտարարեց՝ «Պետք լինի՝ ուրիշ բան էլ թափ կտամ վրեքդ»»։
Պետրոսյանն ընդգծեց՝ ակնհայտ է, որ սրանով ոչ թե իրավունքի խնդիր է լուծվում, այլ զուտ քաղաքական հետապնդում է։ Նախկին պատգամավորը նկատեց, եթե ինքը վիրավորել է Նիկոլ Փաշինյանին, ապա ո՞ւր է տուժողը․
«Տուժողի բողոք չկա։ Այդպես որ լինի՝ ամեն արտահայտության համար կարելի է ընդդիմախոսներին տանել, քրեական գործ հարուցել լռեցնելու համար։ Ես հասկանում եմ, թե այդ փոքրիկն ինչով է զբաղված, փոքրիկ մարդը, Նիկոլ կոչեցյալը, նա ուզում է լռեցնի։ Ես ասել եմ, նորից կրկնում եմ՝ ոչ կալանավորվելուց եմ վախենում, ոչ՝ տուգանվելուց։ Այդ փոքրիկն իր հիմնական բան ու գործը թողած՝ ընկել է ընդդիմադիրներին ահաբեկելու հետևից։ Այսօր մենք երկիր ենք կորցնում, իսկ նա իրավապահներին ցուցում է տալիս խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ բիրտ ուժ կիրառել, կարծիք արտահայտողների հանդեպ քրեական գործեր հարուցել, սա է մնացել իր փրկությունը, այսինքն՝ ինքը կորած մարդ է, իմ մեկնաբանությունը դա է։
Խնդիրն այն է, որ Հայաստանն ինքը դարձրեց բռնապետություն, դրա համար ես հիմա, երբ օրենքներ եմ վկայակոչում, ոչ թե ասում եմ՝ Հայաստանի Հանրապետության այսինչ օրենքի, այլ ասում եմ՝ Հայաստանի բռնապետության այսինչ օրենքի համաձայն։ Ինքը Հայաստանը դարձրեց բռնապետության բաստիոն, իր միակ հույսը մնացել են կիսախելագար պառավները և բիրտ ուժի կիրառման նկատմամբ անշահախնդիր սեր ունեցող, օրենքներից անտեղյակ ոստիկանները։ Այսօր իր խնդիրը ոչ թե Հայաստանի սահմանների պաշտպանությունն է, ոչ թե Հայաստանի ինքնիշխանությունն է, ոչ թե Հայաստանի սոցիալական ապահովության խնդիրների լուծումն է, ոչ թե Հայաստանում ժողովրդավարությունն է, այլ իր խնդիրը բացառապես սեփական աթոռը պահելն է։ Բնականաբար, այդ աթոռը պահելու մոլուցքով տարված մարդը պետք է ցուցում տված լինի, որպեսզի քաղաքական այլախոհներին քրեական հետապնդման ենթարկեն»։
Եզրափակելով խոսքը՝ Գևորգ Պետրոսյանն ասաց․
«Նիկոլը Փաշինը, այդ ապիկարը, երեկ Կառավարության նիստին հայտարարեց, որ Հայաստանն առաջին արբանյակն է ուղարկել, ես մտածում եմ, որ ինքն արբանյակ է ուզում հորինի, որ արբանյակով փախնի Հայաստանի Հանրապետությունից, որովհետև ինքը շատ լավ գիտակցում է, որ ինքը մոլորակի որ կետի վրա էլ լինի, իրեն լավ օրեր չեն սպասվում։ Դրա համար ես իրեն խորհուրդ եմ տալիս, եթե ուզում է իրեն փրկի, իր փրկությունն ինքնասպանությունն է, թող ինքն իրեն գնդակահարի և համբարձվի երկինք առանց արբանյակների․․․»։