«Ազգային ժողովի արտահերթ նիստը վերջնական ջրբաժան է․․․»․ Իշխան Սաղաթելյան

«Մեկ փաթեթային լուծում է պետք և ամբողջական»,- այսօր Ֆրանսիայի հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և Լեռնային Ղարաբաղի խնդրին՝ ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Այն, ինչ ասում և շարունակ պնդում է Նիկոլ Փաշինյանը և հաճախ իր ասածները հիմնավորելու համար ասում է, որ կա միջազգային հանրության պահանջ, միջազգային հանրության կողմից մենք նման հստակ պահանջի ձևակերպում չենք լսել, այդ ամենը Ալիևի ու Նիկոլ Փաշինյանի պայմանավորվածության արդյունքում է տեղի ունենում։ Երեկ մենք շատ հստակ հնչեցրել ենք այն նվազագույն կարմիր գծերը, որով պետք է առաջնորդվի ցանկացած հայանպաստ և հայամետ իշխանություն։

Գիտեք, որ հրավիրել ենք Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ առաջարկելով, որ այդ հայտարարության տեքստն ընդունվի խորհրդարանի կողմից։ Դրանով նաև ուզում ենք վերջնականապես փակենք այն հարցը, խոսակցությունները, որ իրենք ամեն անգամ երկիրը տանում են նոր դավադրության և փորձում են հասարակությանը մոլորեցնել, որ նման բան չկա։ Ազգային ժողովի արտահերթ նիստը վերջնական ջրբաժան է, ջրբաժան է նաև մեր այն հայրենակիցների համար, որոնք դեռ մի նշույլ կասկածում են, որ օրվա չարիքի Կառավարությունը փորձում է երկիրը տանել նոր զիջումների»։

Սաղաթելյանը մեկ անգամ ևս շեշտեց, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը և Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումն առանձին-առանձին չի կարող լուծվել, այլ փաթեթային և ամբողջական․

«Այդ խնդիրները միմյանից տարանջատելով, դա ընդամենը փորձ է՝ երկիրը կտոր-կտոր հանձնելու։ Չի՛ կարող տեղի ունենալ սահմանագծման և սահմանազատման աշխատանք, երբ Ադրբեջանի զորքերը գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում, չի՛ կարելի խոսել, անթույլատրելի՛ է, հակահայկակա՛ն է խոսել Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության մասին, մոռանալով կարգավիճակը։ Բոլոր խնդիրները միմյանց հետ փոխկապակցված են, և դա ընդամենը առիթ և հնարավորություն է առանձին-առանձին հանձնել մեր երկիրը, ինչը տեղի է ունենում, ինչի համար նոյեմբերի 9-ից հետո այդ նույն բանավոր պայմանավորվածություններով, առանձին-առանձին մոտեցումներով մենք կորցրել ենք տարածքներ՝ Սյունիքում, Արցախում և այդպես շարունակ»։

Տեսանյութեր

Լրահոս