«Իգորը ոստիկանին մատով չի կպել». ակցիայի մասնակից
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ քաղաքական ընդդիմության հավաքների մասնակիցների կողմից ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Քիչ առաջ այս մասին տեղեկացրել էր Քննչական կոմիտեն:
«Նախնական տվյալներով, 2022 թվականի մայիսի 17-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված նախաձեռնության մի խումբ մասնակիցներ Կիևյան փողոցի 15 հասցեի մոտակայքում փակել են ճանապարհը՝ խոչընդոտելով այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը: Նշված վայրում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակիցները, իրականացնելով հասարակական կարգի պահպանություն, հորդորել են բացել ճանապարհը՝ փորձելով նրանց հեռացնել ճանապարհից, որի ընթացքում նախաձեռնության մասնակիցներից երկուսը ձեռքերով հարվածներ են հասցրել ծառայություն իրականացնող ոստիկանի կրծքավանդակի շրջանին, ինչի արդյունքում վերջինս կորցրել է գիտակցությունը: Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է ոստիկանի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրած անձանցից մեկի ինքնությունը, ով քաղաքացի Իգոր Յուրիի Խաչատուրովն է: Վերջինս ձերբակալվել է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով»,- ասված էր ՔԿ հաղորդագրության մեջ:
Այս պահին Իգոր Խաչատուրովն իր պաշտպանի՝ Միհրան Պողոսյանի հետ միասին գտնվում է Երևան քաղաքի քննչական վարչությունում:
Ավելի վաղ վերջինս բերման էր ենթարկվել անհնազանդության խաղաղ ակցիայի ժամանակ:
168.am զանգահարած, ՔԿ կողմից հիշատակված ակցիայի մասնակից քաղաքացին, սակայն, հերքեց ՔԿ հաղորդագրության մեջ նշված փաստերը:
«Այդ ժամանակ ես էլ եմ այդտեղ եղել: Կտրականապես հերքում եմ, որ Իգոր Խաչատուրովը հարվածել է ոստիկանին: Այդ պահին հրմշտոց սկսվեց: Իգորը ոչ մեկի մատով չի կպել: Հրմշտոցի ժամանակ ոստիկանի ինքնազգացողությունը վատացավ: Ավագ լեյտենանտ էր: Ասաց՝ շունչս կտրվում է: Տարել ենք, նստեցրել ենք, ջուր ենք տվել, գնացել է: Փաստորեն հետո գնացել, ցուցմունք է գրել Իգոր Խաչատուրովի դեմ»,- ասաց մեզ զանգահարած քաղաքացին: