Սասուն Խաչատրյանին բարձր պաշտոնների եմ նշանակել, բայց ՔԿ չընդունեցի, բացատրել եմ՝ ինչու. Աղվան Հովսեփյան

«Ուզում եմ անդրադառնալ քննչական մարմնի ղեկավարին: Իհարկե, ես այս մասին չէի բարձրաձայնի, եթե հարգարժանը հարցազրույց չտար և իր հարցազրույցով չաղավաղեր հանրային կարծիքը: Ես կլռեի այս մասին, բայց քանի որ դուք շատ լավ գիտեք, որ յուրաքանչյուր հանրային հարցազրույց հանրային կարծիք ձևավորելու միտում ունի, և ակնհայտ էր իմանալ, որ հենց դրա համար քննչական մարմնի ղեկավարը հայտարարեց, թե ինքը բազում անգամներ պարգևատրվել է Հովսեփյանի կողմից, բայց դա իրեն չի խանգարում, որ Հովսեփյանին կալանավորի և նրա գործը քննի»,- այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում ասաց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին դատախազ Աղվան Հովսեփյանը՝ Անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին:

Հիշեցնենք՝ քննվում է Աղվան Հովսեփյանի խափանման միջոց կալանավորման օրինականության հարցը:

Ըստ նրա՝ Սասուն Խաչատրյանի հարցազրույցն իր մեջ այն ուղերձն է պարունակում, թե Աղվան Հովսեփյանի կատարած հանցագործություններն այնքան ծանր են, որ չնայած ինքն իրեն խրախուսել է, բայց ստիպված է օբյեկտիվորեն մոտենալ գործին:

«Իրականում ի՞նչ է տեղի ունեցել: Իրոք ես բազում անգամներ խրախուսել եմ Սասուն Խաչատրյանին, և իմ օրոք նա աշխատել է մինչև Երևան քաղաքի դատախազի պաշտոնում: Խրախուսել եմ, պաշտոնի եմ նշանակել, բայց երբ որ իրեն ազատեցին դատախազությունից, եկավ ինձ մոտ, հանձնեց քննություններ, որ ընդունվի Քննչական կոմիտե աշխատանքի: Հանձնեց քննությունը, բայց ես նրան չընդունեցի ՔԿ աշխատանքի: Իմ հարգարժան բարեկամ, մտերիմ Մհեր Խաչատրյանը, ով նրա հայրն է, ով աշխատել է Քրեական պալատի նախագահ, որի հետ շատ մտերիմ հարաբերություններ այժմ էլ ունեմ, եկավ ինձ մոտ, խնդրեց՝ տղային ընդունեմ աշխատանքի: Ես չընդունեցի, բացատրեցի իրենց, թե ինչու չեմ ընդունում»,- ասաց Աղվան Հովսեփյանը:

Քննչական կոմիտեի նախկին նախագահի խոսքով՝ պատճառն այն է եղել, որ դատախազ աշխատած ժամանակ Սասուն Խաչատրյանը բոլոր դատախազներից երևի ամենաշատը միջնորդագրեր էր ուղարկում՝ քննիչներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:

«Եվ այդ միջնորդագրերի 90%-ը կարգապահական հանձնաժողովում մերժվում էին անհիմն և անօրինական լինելու պատճառով… Ես բացատրեցի՝ հարգելիս, դու բարոյական իրավունք չունես այս կոլեկտիվում աշխատելու, չես կարող այստեղ աշխատել: Ու այդ ընթացքում աշխատակիցները նույնպես գալիս ու ասում էին՝ պարոն Հովսեփյան, հանկարծ չընդունեք իրեն աշխատանքի: Ոչ մեկն իրեն չի ընդունում: Ես մարդկային ձևով բացատրեցի, որ՝ քեզ համար էլ ճիշտ չի լինի քննիչների կոլեկտիվում աշխատելը: Հիմա հարգարժան քննչական մարմնի ղեկավար, ինչո՞ւ ես հանրությունից թաքցնում, որ Հովսեփյանը քեզ աշխատանքի չի ընդունել, դրա համար էլ դու լարված հարաբերություններ ունես Հովսեփյանի հետ»,- ասաց Աղվան Հովսեփյանը:

Վերջինս նկատում է՝ այս իրավիճակում ցանկացած մեկը պիտի հրաժարվեր այս գործը քննելուց ու ղեկավարելուց:

«Կամ գոնե գար գլխավոր դատախազի մոտ, ասեր՝ գիտե՞ս, ես չեմ ուզում բարձրաձայնեմ, բայց խնդրում եմ, ընկերական էս գործը հանձնի այլ քննչական մարմնի»,- եզրափակեց Աղվան Հովսեփյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031