Ազատագրական շարժման անդամներին բիրտ ուժի կիրառմամբ ոստիկանները հերթական անգամ բերման են ենթարկել
28.04.2022թ. «Ազատագրական շարժման» անդամներն իրազեկման հերթական ակցիա են իրականացրել Երևանի Հանրապետության Հրապարակում: Օրվա թեման էր՝ «Ազատագրում պառակտվածությունից»:
Ոստիկանության ծառայողներն ակցիայի մեկնարկի պահին հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկելով նրանց:
Ակցիայի մասնակիցներից Վահագն Չախալյանի ձեռքում էր նաև Նիկոլ Փաշինյանի A4 չափի երգիծանկարը, իսկ հագին՝ խորհրդանշական բժշկական խալաթը:
Ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել նաև Նաիրի Հոխիկյանին, ով այդ պահին հեռախոսով նկարում էր ընթացքը:
«Ազատագրական Շարժում» նախաձեռնությունը խստորեն դատապարտում է ՀՀ ոստիկանության ապօրինի գործողությունները, որոնք հակասում են ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիայի 10-րդ հոդվածի պահանջներին և խախտում են քաղաքացիների ազատ արտահայտվելու (կարծիք հայտնելու) իրավունքը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը խոսքի ազատության սահմանափակումների վերաբերյալ: ՄԻԵԴ-ը նշել է՝ «Պաշտոնական դիրքերից հանդես եկող քաղաքական գործիչները և քաղաքացիական ծառայողները ենթակա են ընդունելի քննադատության ավելի լայն սահմանների, քան մասնավոր անձինք (տե՛ս Թոման ընդդեմ Լյուքսեմբուրգի [Thoma v. Luxembourg], թիվ 38432/97, § 47, ՄԻԵԴ 2001‑III, և Պեդերսենը և Բաադսգաարդն ընդդեմ Դանիայի [ՄՊ] [Pedersen and Baadsgaard v. Denmark [GC]], թիվ 49017/99, § 80, ՄԻԵԴ 2004‑XI)։
Հետևաբար, Նիկոլ Փաշինյանի երգիծանկարն ամբողջությամբ տեղավորվում է խոսքի ազատության սահմաններում, իսկ ոստիկանությունն իրավասու չէ որևէ միջոց կիրառել այդ երգիծանկարի հետ կապված հարցով:
Փողոցում մարդու տեղաշարժն արգելելու այս երևույթը խորթ է նույնիսկ շատ բռնատիրական պետություններին:
«Ազատագրական շարժումը» հիշեցնում է ոստիկանապետ Վահե Ղազարյանին, ինչպես նաև ապօրինություններ թույլ տված ոստիկաններին, որ նրանք չեն ազատվելու պատասխանատվությունից, իսկ նման երևույթները վկայում են, որ այս իշխանությունը հոգեվարքի մեջ է: «Ազատագրական շարժման» ներկայացուցիչները արձանագրում են բոլոր ոստիկանների ապօրինությունները:
28.04.2022թ. ժամը 18:30-ին Երևանի Հանրապետության Հրապարակում «Ազատագրական շարժումը» հերթական բողոքի ակցիան է իրականացնելու՝ այս անգամ «Ազատագրում պառակտվածությունից» թեմայով:
«Ազատագրական շարժումը» կոչ է անում Հայաստանի Հանրապետության բոլոր պատկան մարմիններին, այդ թվում՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաև միջազգային կառույցներին՝ գնահատական տալ վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձի երգիծանկարի համար ոստիկանների կողմից քաղաքացիներին ազատությունից և տեղաշարժվելու իրավունքից զրկելու վարքագծին:
«Ազատագրական Շարժում»