Նիկոլ Փաշինյանի ողբերգությունն ու փրկությունը
Իր վերջին ելույթներում Նիկոլ Փաշինյանը նախ ինքը ներկայացավ զոհի դերում, ապա դա տարածելով պետության վրա՝ Հայաստանն ու Արցախը ներկայացրեց՝ որպես ողջ աշխարհի կողմից մերժված միավորներ, որոնց ստիպում են «իջեցնել Արցախի կարգավիճակի հարցում նշաձողը»։
Այս և բազմաթիվ այլ արտահայտություններով Նիկոլ Փաշինյանը ցանկանում էր կերտել անօգնականի, խեղճի կերպար, ով հակապետական ու հակաազգային քայլերի է գնում ճարահատյալ, այլընտրանք չունենալով։ Եվ, բնականաբար, ոչ մի խոսք այն մասին, որ եթե անգամ այդ վիճակն իրական է, եթե անգամ աշխարհը դուրս է եկել Հայաստանի դեմ, ապա դրանում մեղքի մեծագույն բաժին ունի անձամբ ինքը, ով իշխանության գալու առաջին շաբաթներին Եվրոպայի սրտում մուննաթ էր գալիս եվրոպացիների վրա, իսկ Երևանի սրտում արհամարհում էր Ռուսաստանի ղեկավարությանը։
Բայց ենթադրենք, թե Նիկոլ Փաշինյանն ամբողջովին ազնիվ է, չի կեղծում ու այս թատրոնը չի փորձում ծառայեցնել սեփական ճղճիմ նպատակներին ու առաջնորդվում է բացառապես ազգային շահերով այնքան, որ հուզվում է այդ մասին իր ելույթներում։ Եթե դա այդպես է, ու իսկապես աշխարհն իրեն «սեղմել է պատին», ապա այդ իրավիճակից ելք, այդուհանդերձ, կա։ Ոչ միայն այն պատճառով, որ անգամ փիլիսոփայական հարթությունում այլընտրանք միշտ կա, այլ նաև՝ որովհետև քաղաքականության մեջ կան գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս հաղթահարել անայլընտրանք թվացող իրավիճակները։
Կոնկրետ այս դեպքում, Արցախյան հիմնախնդրի ու Ադրբեջանի հետ ստորագրվելիք պայմանագրի հետ կապված հարցերում պետության համար լավագույն ելքը կլիներ, ինչպես ընդունված է ասել, բանակցողի փոփոխությունը։ Դա դասական, դասագրքային գործիք է, որը հնարավորություն է տալիս առնվազն ժամանակ շահել։
Այսինքն՝ եթե Նիկոլ Փաշինյանը չի կեղծում, որ իրավիճակն իսկապես անայլընտրանք է, որ ինքն այլ ելք չունի, քան համաձայնել նվաստացուցիչ պայմաններով խաղաղությանը, ապա նա իրականում կեղծում է, քանի որ հենց այդ իրավիճակից լավագույն ելքը կլինի սեփական հրաժարականը։ Դա Հայաստանին ու Արցախին կտա նվազագույնը ժամանակ, ինչն էլ իր հերթին՝ հնարավորություն կտա մոբիլիզացնել համազգային ռեսուրսները և փորձել իրավիճակից դուրս գալ ավելի նպաստավոր պայմաններով, քան այսօր առաջարկում է Նիկոլ Փաշինյանը։
Բայց հենց այստեղ էլ վեր է հառնում Նիկոլ Փաշինյանի մեծագույն արատը, որը գուցե անգամ նրա համար նույնպիսի ողբերգություն է․ իշխանությունը նրա համար դարձել է կյանքի-մահու հարց, նա առանց իշխանության չի պատկերացնում սեփական կյանքը, ու հանուն Հայաստանի և Արցախի պատրաստ չէ հրաժարվել իշխանությունից։
Դրա պատճառներից մեկն էլ այն է, որ Նիկոլ Փաշինյանն անցած չորս տարիներին, բայց հատկապես՝ պատերազմի ընթացքում ու դրանից հետո, անցել է այնքան «կարմիր գծեր», որ վախենում է ընդհուպ սեփական կյանքի համար։ Հետևաբար՝ բոլոր նրանք, ովքեր այսօր զբաղվում են քաղաքականությամբ, պարտավոր են Նիկոլ Փաշինյանին անվտանգության գործնական ու իրական երաշխիքներ ներկայացնել, թեև քիչ է հավանականությունը, որ դա կարող է փոխել իշխանության նկատմամբ նրա վերաբերմունքը։
Նիկոլ Փաշինյանն ունի Հայաստանն ու Արցախը փրկելու վերջին հնարավորություն, և դա կարող է տեղի ունենալ նրա հրաժարականի դեպքում։ Պատրա՞ստ է Նիկոլ Փաշինյանը հաղթահարել սեփական արատն ու ողբերգությունը միաժամանակ։ Ըստ ամենայնի, ոչ։ Բայց պետության ճակատագրով մտահոգ բոլոր անհատներն ու խմբերը, ընդ որում, առաջին հերթին՝ իշխանության մեջ գտնվողները, պետք է փորձեն Նիկոլ Փաշինյանին հասկացնել, որ առանց իշխանության ևս կա կյանք, և, որ հրաժարականը ոչ թե դատավճիռ է, այլ փրկություն։ Ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլ նաև՝ հենց Նիկոլ Փաշինյանի համար։
Հարություն Ավետիսյան