«Արցախի փրկության համար երեք բան է պետք». Շիրակի թեմի առաջնորդ
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքով՝ Ազատության հրապարակում հանուն Արցախի ու Հայաստանի փրկությանն ուղղված բողոքի ակցիաների վերաբերյալ յուրաքանչյուր հոգևորական իր յուրահատուկ մոտեցումն ունի։
«Անձամբ ես հասկանում եմ մարդկանց ընդվզումը, մտավախությունը, ողջունում եմ և հաջողություն եմ ցանկանում։ Գիտեք, շատ տարածուն հասկացություն է՝ ասել, թե կգամ ու կկանգնեմ ժողովրդի կողքին։ Ես միշտ ասել եմ, որ մենք ճշմարտության կողքին ենք, մենք ժողովրդի կողքին չենք, իշխանության կողքին չենք, Սերոբի ու Քերոբի կողքին չենք, մենք միայն ճշմարտության կողքին ենք փորձում լինել։ Եթե ճշմարտությունն այդտեղ է, կփորձենք լինել այդտեղ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ Արցախի փրկության գործը ողջ ժողովրդինն է, ժողովուրդը պետք է համախմբվի, իսկ դրանից հետո գործն արդեն բանակինն է։
«Արցախի փրկության համար երեք բան է պետք՝ առաջին բանակ, երկրորդ բանակ, երրորդ բանակ։ Կարողացանք ունենալ բանակ, ուրեմն՝ Արցախը կփրկվի»,- եզրափակեց Շիրակի թեմի առաջնորդը։
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր, որ Հայաստանի ու Արցախի համար արդեն կրիտիկական պահ է, և ազգը պետք է ոտքի կանգնի։
Նա բոլորին կոչ է արել հավաքվել Ազատության հրապարակում, հետևելով նրա կոչին՝ բազմաթիվ մարդիկ գնացին Ազատության հրապարակ։