Գերմանիան ու Ֆրանսիան այսօր նշում են Ելիսեյան պայմանագրի 50-ամյակը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ եվրոգոտու խոշորագույն տնտեսությունները՝ Գերմանիան ու Ֆրանսիան, այսօր նշում են Ելիսեյան պայմանագրի 50-ամյակը, որը կարևոր դեր խաղաց երկկողմանի համագործակցության և ընդհանրապես ողջ եվրաինտեգրման գործընթացում:
Այդ կապակցությամբ այսօր Բեռլինում կայանալու է ֆրանս-գերմանական գագաթաժողով, ինչպես նաև խորհրդարանների ու նախարարների կաբինետների համատեղ նիստեր: Օրակարգի կենտրոնական թեմաներից մեկը Մալիում տիրող իրավիճակն է, ուր Փարիզն իրականացնում է մասշտաբային ռազմական օպերացիա:
Գերմանիայի ու Ֆրանսիայի միջև համագործակցության պայմանագիրը ստորագրվել է 1963 թվականի հունիսի 22-ին: Փարիզի Ելիսեյան պալատում այն ստորագրել են Շառլ դե Գոլը և Կոնրադ Ադենաուերը: Այդ պայմանագիրն ամրագրեց Ֆրանսիայի ու Գերմանիայի միջև հետպատերազմյան հաշտեցումը: Պայմանագիրը երկու երկրների իշխանություններին պարտադրում էր անցկացնել կանոնավոր խորհրդակցություններ՝ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների, անվտանգության հարցերի, ինչպես նաև երիտասարդական ու մշակութային քաղաքականության շուրջ:
1988 թվականին ԳՖՀ կանցլեր Հելմուտ Կոլն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանը հավելում արեցին այդ պայմանագրում՝ ստեղծելով պաշտպանության ու անվտանգության, ինչպես նաև տնտեսական, ֆինանսական ու արժութային քաղաքականության գծով խորհուրդներ: Վերջին 10 տարիներին այդ երկրներից յուրաքանչյուրում հերթականությամբ տարեկան երկու անգամ անցկացվել են նախարարների համատեղ խորհուրդներ:
Ելիսեյան պայմանագրի հիսնամյակը տոնելու համար նախօրեին Բեռլին է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ով երեկ հանդիպել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: