Հույն պատգամավորը դատապարտել է հայ ռազմագերիների`մինչ օրս Ադրբեջանում գտնվելու հանգամանքը
ՀՀ ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանն Աթենքում Հունաստանի խորհրդարանի ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Կոնստանտինոս Գյուլեկասի հետ քննարկել են Արցախում եւ Արցախի շուրջ ստեղծված իրադրությունը, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական ներկա անկայուն իրավիճակը:
Ինչպես հայտնում են ՀՀ ազգային ժողովից՝ հույն պատգամավորը կարեւորել է մշակութային ժառանգության պահպանման հիմնահարցը, դատապարտել հայ ռազմագերիների՝ մինչ օրս Ադրբեջանում գտնվելու հանգամանքը եւ այդ համատեքստում շեշտել միջազգային հանրության ադեկվատ արձագանքի կարեւորությունը:
Կողմերն անդրադարձել են հայ-հունական ջերմ հարաբերությունների պատմական ընթացքին եւ համոզմունք հայտնել, որ եղբայրական ժողովուրդների միջեւ կապերը գնալով էլ ավելի կխորանան: Պարոն Գյուլեկասն իր շնորհավորանքն է հղել հայկական պատվիրակության ներկայացուցիչներին` Հայաստանի նախագահի ընտրության կապակցությամբ, եւ փոխանցել խորհրդարանի նախագահի եւ իր գլխավորած հանձնաժողովի անդամների ողջույնները:
Զրուցակիցները խոսել են նաեւ հայկական Սփյուռքի, նրա դերի ու ներուժի մասին:
Հանդիպմանը ներկա է եղել եւ խոսքով հանդես է եկել Հունաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:
Նշվում է, որ այցն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Թվինինգ ծրագրի շրջանակներում` Հունաստանի, Իտալիայի եւ Հայաստանի խորհրդարանների համատեղ ջանքերով: