Ողորմություն տալիս ի՞նչ ենք ակնկալում
Մենք լսել ենք Աստծո խոսքը, երբ նա ասաց, թե «Ողորմություն եմ ուզում և ոչ՝ զոհ» (Մատթ. 12:7)։ Այս պատգամով էլ փորձում ենք կյանք վարել՝ հասկանալով, որ զոհն աննպատակ է, իսկ ողորմությունը՝ հաճելի է Աստծուն, քանի որ կատարվում է՝ օգնության նպատակով, այլոց աջակցելու համար։
Ողորմություն տալիս ի՞նչ ենք ակնկալում։
Երբեմն, երբ ողորմություն ենք տալիս աղքատներին, սակայն չենք անում անշահախնդրորեն, այլ սպասում ենք, թե Աստված մեզ մի պարգև պիտի տա մեր գործածի համար։ Սպասում ենք, որ Տերն անմիջապես նկատի, թե որքան կարևոր արարք ենք մենք գործել, որ այս երևույթի մեջ Նա կարևորի մեր անձը։ Սակայն սրանով իրականում գուցե անգիտակցաբար, սակայն մեղք ենք գործում՝ եսասեր ու փառասեր դառնալով, և հեռանում ենք Աստծուց՝ փոխանակ էլ ավելի մոտենալու։
Աստվածաշնչում տրված է հստակորեն, թե ինչպես պետք է ողորմություն տալ՝ Աստծուն հաճելի լինելու հանմար։ Մատթեոսի Ավետարանում կարդում ենք հետևյալ տողերը, որոնք պետք է մեզ ուղեկցեն ամեն անգամ, երբ սխալ կերպով ենք մոտենում ողորմության երևույթին։ Ավետարանիչը վկայում է․ «Այլ երբ դու ողորմություն անես, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ի՛նչ է անում քո աջ ձեռքը» (Մատթեոս 6։3)։
Ի՞նչ ենք անում մենք։
Իրականում ցանկանում ենք, որ Աստված ու մարդիկ իմանան, թե ինչ մեծ գործ ենք կատարել, որ կարևորվենք մենք և ոչ թե գործը։ Սակայն իրականում քրիստոնյան չունի անգամ համարձակությունը՝ Աստծուն հայտնելու իր կատարած դրական գործը, «սխրանքը»։
Այսպիսով՝ մեր կատարած ողորմության նպատակն ու առաքելությունը հասկանալով ու ընկալելով՝ նույնիսկ ինքներս մեր առաջ պիտի չխոսենք, չհիշենք մեր այս արարքը, որքան էլ որ այն բարի լինի։ Եվ իսկապես ողորմությունը պիտի կատարենք ողորմության, և ոչ թե փառասիրության համար։ Մշտապես պիտի հիշենք այն մասին, որ մենք մեկին օգնելու համար միայն միջոց ենք Տիրոջ ձեռքում, և եթե մենք էլ չկատարենք, Աստված կգտնի այլ մեկին և կիրաօգործի օգնությունը։
Ուստի՝ ողորմություն կատարենք՝ նույն պահին իսկ մոռանալով մեր արածի մասին, աղոթենք Աստծուն, որ պահպանի ամենքին՝ ինչ վիճակում էլ որ լինեն, քանի որ ամենքս ապրում ենք ոչ թե միմյանց, այլ Աստծո ողորմածությամբ։