«Արցախը մեր հայրենիքն է, մեր զավակների հոսած արյունն է, այդ հողի մեջ միսը դեռ հող չի դարձել, մենք արդեն հանձնելու մասին ենք մտածում»․ Կարին Տոնոյան
«5165» շարժումն այսօր պահանջագիր հանձնեց ՀՀ Ազգային ժողովին, որպեսզի ճանաչեն Արցախի Հանրապետության անկախությունը։
Շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը հայտարարեց, որ սա այն վեհ նպատակն է, որը լուծելու է Արցախի փրկության խնդիրը։
«Սա նախ և առաջ՝ պատվի հարց է։ Ես ուզում եմ դիմել մեր պատգամավորներին, ասել, որ դե ֆակտո Հայաստանը վաղուց ճանաչել է Արցախի անկախությունը, որովհետև բազմիցս կնքվել են միջպետական պայմանագրեր, հետևաբար՝ նշանակում է, որ մենք վաղուց ենք ճանաչել Արցախի անկախությունը։ Սովորաբար նման ակտերն ընդունում են երկրի ղեկավարները՝ գործադիր մարմինը կամ խորհրդարանը, բայց քանի որ մենք վստահ ենք և տեսել ենք, որ Նիկոլ Փաշինյանը 4 տարի չի պահել մեր ազգային շահը, հիմա էլ չենք վստահում իրեն, ուստի մենք դիմում ենք խորհրդարանին և պահանջում ենք ճանաչել Արցախի անկախությունը․․․
Դիմում եմ իշխանությանը, եթե փորձեք ժողովրդին մոլորեցնել, թե, եթե ճանաչենք Արցախը՝ պատերազմ կսկսվի, ապա, եթե նման սադրանքներ լինեն, մենք ձեզ կմեղադրենք, որ Ադրբեջանի հետ պայմանավորված եք այդ ամենն անում, որպեսզի հարկադրեք ժողովրդին պատերազմի նկատմամբ վախի ազդեցության տակ հրաժարվել Արցախից։
Հարգելի՛ ժողովուրդ, 30 տարի քո զավակների արյունն է հոսել հանուն Արցախի, և այսօր դա դավաճանություն է սեփական զավակների նկատմամբ»։
Նամակն Ազգային ժողովի ընդունարանում հանձնելուց հետո Կարին Տոնոյանն ասաց, որ պայքարը շարունակելու են։ Նրա խոսքով՝ ժողովրդի մեծ մասը երբեք չի հաշտվի այն մտքի հետ, որ Արցախը հանձնենք Ադրբեջանին․
«Արցախը մեր հայրենիքն է, մեր զավակների հոսած արյունն է, այդ հողի մեջ միսը դեռ հող չի դարձել, մենք արդեն հանձնելու մասին ենք մտածում։ Եթե մենք ճանաչենք Արցախի անկախությունը, ապագա սերունդներին իրավական հիմքեր կտանք, որ հետագայում հետ բերեն Արցախը։ Արցախը հավետ եղել է հայկական հող, այն հատվածը, այն հողը, որը երբևէ չի նվաճվել թուրքի կողմից ու էլի չի նվաճվելու»։
Հարցին, արդյոք մասնակցելո՞ւ են Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «պատիվ ունեմ» խմբակցությունների կազմակերպած վաղվա հանրահավաքին, քանի որ այն ևս Արցախի գոյությանն է վերաբերում, Կարին Տոնոյանը պատասխանեց․
«Մենք խնդիր չունենք այդ հավաքին չմասնակցելու, որովհետև այն, ինչպես արդեն հայտարարվել է, Արցախի փրկության խնդիրն է լուծելու։ Ճի՛շտ է, մեր պայքարի ճանապարհները տարբեր են, բայց նպատակն Արցախի հարցում միանշանակ նույնն է․․․»։



