Ռուբինյանն ընդդիմությանն առաջարկում է Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ փակ քննարկում անցկացնել
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների գործընկերներին առաջարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ փակ աշխատանքային քննարկում կազմակերպել Ազգային ժողովի խորհրդի ֆորմատով, որում կքննարկվեն երկրի անվտանգային հարցերը:
«Երեկ «Հայաստան» խմբակցության գործընկերների հետ քննարկումների արդյունքում, նաև քննարկելով վարչապետի հետ, ես «Հայաստան» խմբակցությանը առաջարկել եմ կազմակերպել փակ աշխատանքային քննարկում վարչապետի և ընդդիմադիր խմբակցությունների մասնակցությամբ: Մեր ընդդիմադիր գործընկերներն ինձ ասել են, որ այդ ձևաչափն այդքան էլ ընդունելի չէ: Կրկին վարչապետի հետ քննարկելով՝ ես արել եմ երկրորդ առաջարկը` կազմակերպել փակ աշխատանքային քննարկում Ազգային ժողովի խորհրդի ձևաչափով, որում ներառված են նաև ընդդիմադիր գործընկերները երկու խմբակցություններից: Ոչ դրական, ոչ բացասական պատասխան այս պահի դրությամբ չեմ լսել»,- Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց Ռուբինյանը:
Ռուբինյանը համաձայն է` կան հրատապ քննարկման հարցեր և առաջարկում է այդ հրատապ հարցերը քննարկել առաջարկված ֆորմատով:
«Ակնկալում եմ ձեր պատասխանը»,- հավելեց Ռուբինյանը: