Եթե ռուս խաղաղապահները չլինեն, ապա Արցախ չի լինելու, սա միանշանակ է․ Արցախի արտգործնախարար
Եթե ռուս խաղաղապահները չլինեն այստեղ, ապա Արցախ չի լինելու։ Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը։
«Մենք չպետք է էքսպերիմենտների դիմենք, ինչ-որ արկածախնդրության գնանք։ Մարդիկ կան`տարբեր գնահատականներ են տալիս, ոմանք բղավում են`իրենց հայրենասերի տեղ դրած, Արցախի ճակատագիրը խաղալիք չէ, հատկապես` հիմա։ Այո, առանց ռուս խաղաղապահների չի լինելու Արցախ, սա միանշանակ է, թող որևէ մեկի մոտ իլյուզիա չլինի, մենք ենք, չէ՞, այստեղ ապրում և մենք չենք ուզում պատմության մեջ դառնանք այն սերունդը, որ կորցրել է 15 000 տարվա մեր հայրենքիը։ Սա բոլորը պետք է իմանան, սա նշանակում է, որ խելոք պետք է լինենք և հեռու մնանք դեմագոգներից, թույլ չտանք, որ նրանք ազգի ճակատագիր որոշեն»,- ասաց Բաբայանը։
Անդրադառնալով Արցախի Փառուխ գյուղում տեղի ունեցած վերջին դեպքերին՝ արտգործնախարարը ասաց․
«Ռուս խաղաղապահները առաջին անգամ տեսել են՝ ով ով է, հասկացել են՝ ինչ է Ադրբեջանը, այս իրադարձությունները անակնկալի բերեցին նաև ռուս խաղաղապահներին։ Թշնամու նպատակներից մեկն այն է, որ խարխլի ռուս-հայկական եղբայրական հարաբերությունները, ո՞ւմ է սա օգուտ տալիս, որևէ մի հայի դա օգուտ չի տալիս։
Պետք է ևս մեկ անգամ նշենք, այո՛, ռուսը մեզ համար եղբայրական երկիր է, բայց դա նաև չի նշանակում, որ մենք դեմ ենք կամ թշնամի ենք ԱՄՆ-ին կամ Ֆրանսիային»,- ասաց Դավիթ Բաբայանը։