ՀՀ ՊՆ–ն լռում է Արցախում ստեղծված իրավիճակի մասին
Այսօր ժամը 17։30–ի սահմաններում Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը:
«Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր:
Հայտնում ենք, որ անվտանգության նկատառումներից ելնելով այս պահին տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները:
Հորդորում ենք բնակչությանը պահպանել հանգստություն, շփման գծի մյուս բոլոր հատվածներում իրավիճակն այս պահին կայուն է»,– ասված է հաղորդագրության մեջ:
168․am-ը փորձեց ՀՀ պաշտպանության նախարարությունից մանրամասներ և պարզաբանումներ ստանալ Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ, սակայն ապարդյուն։
ՀՀ ՊՆ–ից մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին։