Մարդիկ տոմսարկղում հարցնում էին՝ առյուծներ, վագրեր, արջեր կա՞ն, հետո նոր գնում էին տոմսը. Սոս Պետրոսյանը՝ արգելքի և կրկեսի վերաբացման մասին
Ազգային ժողովում մարտի 22-ին քննարկվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայացրած օրենքի նախագիծը, որով ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում է նաև արգելել լիազորված մարմնի կողմից հաստատված ցանկում ընդգրկված վայրի կենդանական տեսակների օգտագործումը կրկեսներում:
«Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար ԱԺ նիստում ներկայացրել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը:
«Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է ՀՀ կենդանական աշխարհի օբյեկտների պաշպանության, պահպանության, վերարտադրության և կայուն օգտագործման գործընթացի, անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում Կարմիր գրքում գրանցված կենդանիները պահելու, օգտագործելու իրավահարաբերությունների կանոնակարգման և վարչարարության նվազեցման պահանջով, ինչպես նաև ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայով ստանձնած ՀՀ պարտավորություններով»,-նշել է նախարարի տեղակալը:
Նախագծով սահմանվում է, որ կենդանական աշխարհի պաշտպանության նպատակով արգելվում է Հայաստանի Հանրապետությունում լիազորված մարմնի կողմից հաստատված ցանկում ընդգրկված վայրի կենդանական տեսակների օգտագործումը կրկեսներում:
Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում բովանդակային փոփոխություններ չեն կատարվել:
«Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Սոս Պետրոսյանի խոսքով՝ նախագծի հետ կապված իրենց հետ քննարկում չի եղել.
«Կարդացի նախագիծը, որով արգելվում է վայրի կենդանական տեսակների օգտագործումը կրկեսներում: Հայաստանում մի կրկես կա, երևի թե պետք է լիներ՝ ոչ թե կրկեսներում, այլ կրկեսում: Մի կրկես մենք ունենք, ի՞նչ կրկեսներ: Գուցե նկատի ունեն այն ռեստորանները, որտեղ վանդակների մեջ կենդանինե՞ր են պահում:
Որ էլիտար ռեստորանը մտնում ես՝ արջեր, վագրեր, առյուծներ են. մարդիկ և՛ հաց են ուտում, և՛ նայում են այդ կենդանիներին, թե ինչ վատ վիճակում են… Գուցե դրա համա՞ր է կրկեսներ գրված: Ամեն դեպքում մեզ մոտ խնդիր չի լինի: Վայրի կենդանիներ չենք հրավիրի, no problem: Այնքա՜ն ընտանի կենդանիներ կան: Երկրորդ, մեր կրկեսային արվեստն այնքան բազմաժանր է: Կկոմպեսացնենք ուրիշ ժանրերով: Եթե առաջ չէինք կարողանում ընդարձակ, թռիչքային, ակրոբատիկական, երկնային ատրակցիոններ հրավիրել՝ այդ հնարավորությունը կունենանք Կրկեսի նոր շենքի բացումից հետո:
Բայց ասեմ, որ երկար տարիներ է՝ տնօրեն եմ, մարդիկ, երբ գալիս էին տոմս գնելու՝ տոմսարկղում հարցնում էին՝ կենդանիներ կա՞ն՝ առյուծներ, վագրեր, արջեր կա՞ն ու հետո նոր գնում էին տոմսը: Իսկ, եթե իմանում են չկա՝ տոմս չեն գնում, հետևաբար, անշուշտ, կրկեսի ֆինանսականին այդ որոշումը կխփի»,-168.am-ի հետ զրույցում ասաց Սոս Պետրոսյանը:
Ինչ վերաբերում է Կրկեսի բացմանը՝ «Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավարը նշեց, որ անհամբեր սպասում են այդ օրվան:
«Վերջին երեք տարվա ընթացքում տարբեր պատճառներով լայնամասշտաբ շինարարություն չէր գնում, իսկ հիմա ամեն ինչ արվում է, որ աշխատանքները շուտ ավարտեն: Մնացել է ներքին հարդարումը և ձայնային և լուսային տեխնիկան, որը ճանապարհին է:
Բերվում են նաև շքեղ բազկաթոռներ՝ 2005 տեղի համար»,-հավելեց Սոս Պետրոսյանը: