«ՔՊ-ն պարզապես մագնիս է, որ Հայաստանի, Արցախի հանրապետությունների բոլոր անհայրենիք մարդկանց իրեն է քաշել». Հովիկ Ասմարյան

Արցախում կրկին գազ չկա. Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբը մարտի 21-ի երեկոյան հայտնել էր՝ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով դադարեցվել է գազամատակարարումը։ Գազամատակարարումն առաջին անգամ նույն սցենարով ընդհատվել էր մարտի 8-ին:

Ու թեև ըստ պաշտոնական Ստեփանակերտի՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ, գազամատակարարումը դեռ չի վերականգնվել:

Այսօր հայտնի դարձավ, որ թեմայով մտահոգություններ են հնչել նաև Եվրամիությունից:

«Եվրամիությունը կոչ է անում վերահսկող մարմիններին վերսկսել գազամատակարարումը, հատկապես ներկայիս խիստ եղանակային պայմաններում»,- Թվիթերի էջում գրել է Եվրամիության դիվագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն։

Պաշտոնական Բաքուն էլ, Ադրբեջանի արտաքին գերատեսչության մամուլի խոսնակի միջոցով, անուղղակիորեն հերքում է, թե իրենք որևէ առնչություն ունեն գազամատակարարման դադարեցման հետ. խորհուրդ է տալիս չխառնվել Ադրբեջանի ներքին հարցերին և անհիմն չմեղադրել։

168.am-ն Արցախում այս պահին առկա իրավիճակի և տրամադրությունների մասին զրուցել է Արցախում հաստատված սիրիահայ Հովիկ Ասմարյանի հետ:

Հիշեցնենք, որ 168.am-ը պատերազմի օրերին անդրադարձել էր Ասմարյանների ընտանիքին, որոնք անգամ հրթիռակոծությունների տակ բաց էին պահում «Սամրա» ընտանեկան ռեստորանը, հյուրասիրում, հյուրընկալում Արցախ մեկնող կամավորականներին, սնունդ հասցնում ապաստարաններ: Այդ օրերին անգամ Հովիկ Ասմարյանը վստահորեն ասում էր՝ իր երեխաների ապագան ևս Արցախում է պատկերացնում: Ասմարյաններն իրենց ապագան այսօր էլ տեսնում են Արցախում:

«Ցուրտ է, շատ դժվար է, մանավանդ, որ նախօրոք չենք պատրաստվել դրան: Այսինքն՝ այն տները, որտեղ գազամատակարարում կար, չունեն վառարարաններ, ոչ էլ այլ հնարավորություն՝ տանը ինչ-որ բան եփելու համար: Ամբողջ ծանրությունը մնում է էլեկտրականության վրա, ինչի պատճառով ժամանակ առ ժամանակ անջատվում է:

Բոլորիս համար ակնհայտ է, որ Ադրբեջանը պարզապես հոգեբանական ճնշումներ է փորձում գործադրել, որպեսզի ժողովուրդն Արցախից դուրս գա»,- ասաց Հովիկ Ասմարյանը:

Մեր զրուցակիցը թեև նշեց, որ արցախցին ամուր է կառչած իր հողին, այդուհանդերձ, հավելեց, որ երբ գիտես՝ թիկունքումդ եղբայր կա, ավելի ուժեղ ես դառնում, բայց երբ գիտես՝ մենակ ես՝ ավելի խեղճանում ես:

«Տակավին կանգնած ենք, ոչ ոք չի մտածում դուրս գալ, բայց ավելի լավ կլիներ, եթե Հայաստանի իշխանությունները, խորհրդարանը առավել մեծ ուշադրություն դարձներ Արցախին,- շեշտեց մեր զրուցակիցը, ապա արձագանքելով մեր դիտարկմանը, թե՝ նշում եք՝ խորհրդարանը մեծ ուշադրություն դարձնի, սակայն ՀՀ ԱԺ քաղաքական մեծամասնության՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի քանի ներկայացուցիչներ, խոսելով Արցախի կարգավիճակի մասին, չեն բացառել նաև Արցախը՝ Ադրբեջանի կազմում տարբերակը, նկատեց,- Հայը չի կարող նման բան խոսել: Թուրքի թշնամությունը դա սիմվոլ է հային, իսկ այն հայը, որ թուրքի մեջ թշնամու չի տեսնում, ուրեմն հայ չէ»:

Այս համատեքստում Սիրիայից հայրենադարձված, Ցեղասպանության ուղիղ ժառանգորդ, Արցախյան 44-օրյա պատերազմին թիկունքի աշխատանքներին կամավորագրված Հովիկ Ասմարյանն անդրադարձավ նաև հայ-թուրքական օրակարգին, Արարատ Միրզոյան-Մևլյութ Չավուշօղլու հանդիպմանը:

«Եկեք մի բան համաձայնենք, որ չի կարող այդպիսի բան անել Արարատ Միրզոյանը. սա արեց «Արաբաթ» Միրզոյանը: Այսինքն՝ մեկի անունը, որ «Արարատ» է, չի կարող ընդունել թուրքի հետ բարեկամություն, երբ Արարատ լեռը գտնվում է սահմանի այն կողմում: Իսկ թուրքերը դրա լուծումը տվեցին, երբ իրենց լրատվական միջոցներում գրեցին «արաբաթ» և ոչ՝ «Արարատ»:

Իմ պատասխանը հետևյալն է՝ ՔՊ-ն պարզապես մագնիս է, որ Հայաստանի, Արցախի հանրապետությունների բոլոր անհայրենիք մարդկանց իրեն է քաշել»,- արձանագրեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս