Գարիկ Սարգսյանի գաղտնի շտաբը. ովքե՞ր էին Վեդիի Ջրային կոմիտեում հավաքվածները

– Ձեզ էլ են 8-ին ասե՞լ։

– Հա, ախպերս։

– Ցուցակնե՞րն եք բերել։

– Այո՜։

Սա Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում գնտվող «Վեդի» ջրօգտագործողների ընկերության շենքն է, այլ կերպ ասած՝ Ջրային կոմիտեն։

Դեռ օրեր առաջ 168.am-ն ահազանգ էր ստացել, որ Վեդի խոշորացված համայնքում մարտի 27-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ՝ այս շենքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար ծառայում է՝ որպես նախընտրական գաղտնի շտաբ։ ՔՊ-ի համայնքապետի թեկնածու Գարիկ Սարգսյանը կարևոր հանձնարարություններն այստեղ է տալիս, իսկ հաջորդ օրը՝ բնակավայրերում քարոզարշավ իրականացնելուց հետո, կրկին հավաքում է իր նշանակած գյուղապետերին, շտաբի պետերին և «տնային աշխատանքները» ստուգում, գնահատում։

Հիմա ամեն բան՝ սկզբից։

Երեկ երեկոյան ժամը 19։45-ի սահմաններում, երբ աշխատանքային ժամն արդեն ավարտվել էր, մենք մուտք գործեցինք Վեդիի Ջրային կոմիտեի շենք։ Սենյակներից միայն մեկի լույսն էր վառվում, այնտեղ 3 քաղաքացի կար։

Իսկ ովքե՞ր էին նրանք և ի՞նչ էին անում այդ ժամին Ջրային կոմիտեի շենքում, այն էլ՝ ոչ աշխատանքային ժամին։

Հենրիկ Եղիազարյան՝ Վեդիի համայնքապետարանում աշխատում է՝ որպես պարետ։

Անդրանիկ Նազարյան՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ավագանու անդամ։ Ընտրական ցուցակում նա 50-րդն է։

Բացի դա, նա Վեդիի համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Հայկազ Նազարյանի որդին է։

Երրորդ քաղաքացուն չճանաչեցինք։

Ուշագրավ է, որ մեր հարցին, թե՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքե՞ր կան այստեղ, ՔՊ-ի ցուցակով առաջադրված Նազարյանը, այսպես ասած՝ ստեց, պատասխանելով, թե ՔՊ-ից մարդ չկա։

– Ովքե՞ր կան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից այստեղ։

– Մարդ չկա այստեղ։

– Այս պահին այստեղ չե՞ն ոչ ոք։

– Ծը։

– Բայց գալո՞ւ են։

– Ստեղ մարդ չի գալիս․․․ դուռը փակի, ստեղ մարդ չկա, որ գան, կգաք՝ իրենց կտենաք։

Արդեն դրսում՝ Ջրային կոմիտեի բակում, նկատեցինք մեքենաների և մարդկանց ակտիվություն, որոնք ցուցակներով ժամանում էին ՔՊ-ի գաղտնի շտաբ։

– Բարի օր, ախպեր։

– Բարև Ձեզ։

– Չե՞ն եկել հլը։

– Չէ։ Ո՞ւմ էիք սպասում, որ չեն եկել։

– Մկրտչյան Արթուրն ասեց՝ ստեղ պտի հավաքվենք, բարի իրիկուն․․․ Ստեղ չե՞ն գալու, շտա՞բ են գնալու․․․

Իսկ թե ո՞վ է Մկրտչյան Արթուրը, որ այս մարդկանց ժամադրել է Ջրային կոմիտեի շենքում, դժվար չէր պարզելը։

Մկրտչյան Արթուրն Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղարն է։ Նա մարզպետարանում պաշտոնի է անցել 2018 թվականից, երբ Գարիկ Սարգսյանն էր Արարատի մարզպետը։

Մի քանի րոպե անց Ջրային կոմիտեի շենք ժամանեցին ևս մի քանի ավտոմեքնաներ՝ Գարիկ Սարգսյանի նկարները փակցրած ապակիներին։

Թե ովքեր էին նրանք, պարզեցինք հենց տեղում․

– Ձեզ էլ են 8-ին ասե՞լ։

–  Հա, ախպերս։

-Ցուցակնե՞րն եք բերել։

– Այո՜։

– Ո՞րն է ձեր համայնքը։

– Ուրցաձոր։

– Շաբաթ թե կիրակի էլի հավաքվել էիք, չէ՞, այստեղ։

– Այո՛։

Ովքեր են այս քաղաքացիները․

Գրիգոր Ավետիսյան՝ 2018 թվականին, երբ նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը հրաժարական տվեց, այս պարոնը նշանակվեց և 4 ամիս եղավ Ուրցաձորի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար։

Վարդան Կարապետյան՝ Ուրցաձորի բնակիչ։

168.am-ի տեսախցիկը ֆիքսել է նաև Վեդի խոշորացված համայնքում ընդգրկված Տափերական բնակավայրի ղեկավար Կարեն Խաչատրյանին․ նա ևս թղթապանակը ձեռքին եկել էր Վեդիի Ջրային կոմիտե։

Հարց է առաջանում, միայն Վեդի քաղաքում ունենալով մի քանի նախընտրական շտաբներ՝ ինչո՞ւ է Գարիկ Սարգսյանն այստեղ հավաքում իր թիմակիցներին, և արդյո՞ք Արտաշատի ջրօգտագործողների Վեդի համայնքի տեղամասի պետ Սահակ Առաքելյանը չգիտի, որ պետական շենքը շտաբի վերածելն օրենքի խախտում է։

Ընտրական օրենսգիրք ՍԴՕ, հոդված 19

Ընտրական շտաբները չեն կարող տեղակայվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերում (բացառությամբ այն դեպքերի, երբ ընտրական շտաբները զբաղեցնում են այդ մարմիններին չպատկանող տարածք), հանրակրթական ուսումնական հաստատությունների շենքերում, ինչպես նաև այն շենքերում, որտեղ գործում են ընտրական հանձնաժողովները:

Պարզվեց՝ Վեդիի ջրային կոմիտեի տեղամասի պետ Սահակ Առաքելյանը Գարիկ Սարգսյանի քրոջ ամուսինն է, որին հենց Գարիկ Սարգսյանն է մարզպետ եղած ժամանակ պաշտոնի նշանակել։

Պետք է նկատել, օրեր առաջ, երբ 168.am-ի նկարահանող խումբը Վեդիում էր, ոստիկանության ծառայողներն ամեն քայլափոխին հետևում էին մեր տեղաշարժին։

Վեդիի բնակիչներն ասացին, որ դա Գարիկ Սարգսյանի հրահանգով է եղել, հրահանգել է ցանկացած լրագրողի՝ քաղաք մուտքի և ելքի մասին իրեն անձամբ զեկուցել։

Օրեր առաջ տեղեկանալով, որ 168.am-ի նկարահանող խումբը Վեդիում է, ևս չեղարկվել էր Վեդիի Ջրային կոմիտեում նախապես նշանակված հավաքը։

Հիշեցնենք, որ Վեդի խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններն անցկացվելու են այս կիրակի՝ մարտի 27-ին։

Ընտրապայքարի են դուրս եկել «Իմ հզոր համայնք» և «Քաղաքացիական» պայմանագիր» կուսակցությունները։

Տեսանյութեր

Լրահոս